Ապրիլի 16-17-ին Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը այցելել է Սյունիք՝ հանդիպելու համայնքային ղեկավարների, տեղական հաստատությունների և շրջելու մարզի պատմամշակութային վայրերում։
Այցը ընդգծել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը մարզում ներառական զարգացմանը, կրթությանը և տարածաշրջանային երկխոսությանը:
Դեսպան Գալագերն հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ քննարկելու կայուն աճի և տեղական լավ կառավարման հնարավորությունները։ Այնուհետեւ, նա հանդիպել է «Սոսե» ՀԿ-ի աջակցությամբ գործող համայնքների ղեկավարների հետ, ովքեր աշխատում են համայնքի ներառական զարգացման հետ կապված խնդիրների վրա: Դեսպանը նաև հանդիպել է անգլերենի մի խումբ ուսուցիչների հետ, ովքեր օգտվել են Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող զարգացման ծրագրերից: Նա հանդիպել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ՝ քննարկելու տեղական ինքնակառավարման հարցերը։ Դեսպան Գալագերը այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) առաջապահ գործող բազա՝ քննարկելու տարածաշրջանում զարգացումների մոնիտորինգի իրենց փորձը:
Դեսպանն այցելել է նաև Հայաստանի հարավում գտնվող մշակութային ժառանգության վայրեր, այդ թվում՝ Խնձորեսկի քարանձավային բնակավայրը և Քարահունջի հնագույն աստղադիտարանը։
Անդրադառնալով իր այցին՝ դեսպանն ասել է. «Ուրախ եմ, որ կրկին այցելեցի Սյունիք և զգացի նրա կենսունակ մշակույթն ու հարուստ պատմությունը: Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և ուսուցիչները անում են զարգացմանը նպաստելու համար: Այս տարածաշրջանը վերապրել է տառապանք ու անկայունություն, և ես հույս ունեմ, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման միջոցով այն կմտնի խաղաղության, կայունության և բարգավաճման նոր շրջան»։









