«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրենները հետևել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին։
Նրանք նախ եղել են կապալառուի բազայում, որտեղ շինարարը և տեխհսկողը ներկայացրել են ծրագրի առաջընթացը։
Նշվել է, որ նախատեսվում է կառուցել 32կմ ճանապարհ, 17 կամուրջ, 2 թունել, 19 հենապատ, 6 անասնանցում, 5 փոխհատում և 30 երկրորդական ճանապարհ։ 6 կամուրջներ գտնվում են բետոնացման փուլում, 11 կամուրջների վրա արվում են հողային, հիմքերի կառուցման աշխատանքներ։ 350մ թունելի 250մ-ն արդեն հորատվել է։ Կառուցվել են մոտ 350մ հենապատեր։
Արկադի Չերչինյանը կարևորել է Հյուսիս-հարավ ծրագիրը։ «Մեր խնդիրն է աշխատանքները կատարել բարձր որակով և ըստ սահմանված ժամանակացույցի։ Ռազմավարական նշանակության ճանապարհը կապում է հանրապետության հարավը և հյուսիսը, այն տարանցիկ կարևոր ուղի է, ու պատահական չէ, որ Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում նշանակումից հետո իմ առաջին այցելությունը հենց Սյունիք և այս ծրագրի շինտեղամասեր»,-նշել է Չերչինյանը։







