Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից, հայտնում է Sputnik Արմենիան։

Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ուղերձն ընթերցել է «Ավրորա 2024» մրցանակաբաշխության ժամանակ։

«Հիմա ավելի քան երբևէ համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը»,- ասել է Վարդանյանն իր ուղերձում։

Նա ներկայացրել է պատմությունը, թե ինչպես ծնվեց «Ավրորան»․ գիտակցումից, որ պետք է երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են մեր պապերին ու տատերին, փրկել են կյանքեր: Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ իրենք ցանկանում էին փոխել հայկական նարատիվը՝ զոհի կերպարից ու անցյալի հիշողությունից դեպի նոր՝ ապագային հույսով նայելու հեռանկարի:

«Մենք երազում էինք, որ Երևանը դառնա աշխարհի մարդասիրական մայրաքաղաքը, և որ մենք միավորվեինք՝ ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքի հետ դառնալով միասնական ազգ»,- նշել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ «Ավրորայի» շնորհիվ հանդիպել է մարդկանց, որոնք սովորեցրին ամենակարևոր դասը՝ հավատարիմ մնալ մարդկային արժեքներին և սեփական սկզբունքներին՝ անկախ իրավիճակից, և անցնել քո ճանապարհը:

Վարդանյանը շեշտել է, որ Արցախ տեղափոխվելու որոշումը կայացրել է «Ավրորայի» հերոսների շնորհիվ՝ որոշելով լինել այն մարդկանց կողքին, որոնք օգնության կարիք ունեին: Արդեն 8 ամիս արտաքին աշխարհից գրեթե ամբողջովին մեկուսացված Ռուբեն Վարդանյանը վստահեցրել է, որ չի զղջում այդ ճանապարհն ընտրելու համար։

Բարերարը դիմել է «Ավրորայի» հերոսներին՝ նշելով, որ ուրիշներին օգնելու նրանց հանձնառությունն իրեն ուժ է տալիս նաև այսօր Բաքվի բանտում:

«Եվ թող սերն ու արժեքները հաղթեն։ Եվ թող մենք բոլորս տանք ավելին, քան երբևէ կարող ենք հուսալ, որ կստանանք: Մեզնից յուրաքանչյուրն իրականում կարող է շատ բան փոխել»,- ամփոփել է Վարդանյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print