Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում

Հանրապետության նախագահը ստորագրել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:

Օրենքներն արդեն հրապարակվել են arlis.am հարթակում և ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարից։

Այսպիսով՝ հստակեցվում են բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում պետական լիազոր մարմնի, մարզպետների, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, որոնք հիմնականում վերաբերում են օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների մշակմանը, բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալների վարմանը, խորհրդատվական նյութերի մշակմանը, ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի մշտադիտարկմանը:

Սահմանվում են պարտականություններ նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի համար։ Մասնավորապես՝ շենքի կառուցումից հետո՝ մինչև սեփականատերերի կողմից կառավարման մարմնի ընտրությունը, կառուցապատողը սեփականատերերի անունից ձևավորում է կառավարման մարմին: Վերջինին կառուցապատողը փոխանցում է շենքի նախագծային փաստաթղթերը, իսկ չփոխանցելու դեպքում ենթարկվում է վարչական պատասխանատվության:

Օրինագծով սահմանվում են նաև բազմաբնակարան շենքի կառուցման մեկնարկից մինչև կառավարման մարմնի ձևավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման առանձնահատկություններն ու սահմանափակումները: Այդ կարգավորումներով գույք ձեռք բերողների իրավունքներն առավել պաշտպանված կլինեն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print