Մինսկը, ագրեսիայի դեպքում, ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին

Բելառուսի իշխանությունները հրապարակել են երկրի ռազմական դոկտրինը, որը նախօրեին հաստատել է Համաբելառուսական ժողովրդական ժողովը։ Ըստ փաստաթղթի՝ միջազգային զինված հակամարտության մեջ Բելառուսին ներգրավելու հավանականություն կա՝ հաշվի առնելով Արևելյան Եվրոպայի երկրների ինտենսիվ ռազմական պատրաստությունը, Լեհաստանի և Բալթյան երկրների ղեկավարության ագրեսիվ քաղաքականությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Բացի այդ, դոկտրինում հաշվի են առնվում Բելառուսում «ներքին զինված հակամարտություն» հրահրելու Արևմուտքի բռնի մեթոդների անցնելու հավանականությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ում և Միութենական պետությունում ինտեգրացիոն կապերը ոչնչացնելու արևմտյան երկրների կանխամտածված փորձերը:

Բելառուսը դոկտրինում նախատեսել է իր դաշնակիցներին՝ Ռուսաստանին և ՀԱՊԿ երկրներին, ագրեսիայի դեպքում ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։

Միաժամանակ ընդգծվում է այլ երկրի դեմ ագրեսիա սանձազերծելու անթույլատրելիությունը և ՆԱՏՕ-ի հետ պրագմատիկ երկխոսության պատրաստակամությունը, թեև Մինսկը չի ընդունում դաշինքի ընդլայնումը։

Միջուկային զենքի տեղակայումը հարևան անբարյացակամ երկրներում Բելառուսի ռազմական դոկտրինում նշվում է որպես հիմնական պոտենցիալ արտաքին սպառնալիքներից մեկը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print