Բուհերի ընդունելության գործող կարգը կվերանայվի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված, մասնավորապես՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ: Կվերանայվեն նաև բուհերի  ընդունելության  գործող կարգի որոշ տեխնիկական դրույթներ: 2023-2024 ուստարում չափորոշիչը փորձարկվում է ՀՀ Տավուշի մարզի 1-ին, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում: Ըստ հիմնավորման՝ հանրակրթության պետական նոր չափորոշիչը հենված է սովորողների մոտ հմտությունների և կարողունակությունների զարգացման սկզբունքի վրա: 2024 թ. նախատեսվող պետական ավարտական քննությունների կազմակերպման գործընթացում նախատեսվում է Տավուշի մարզի 12-րդ դասարանի սովորողների գիտելիքները ստուգել նաև նոր չափորոշչի շրջանակում ուսումնական վերջնարդյունքները ստուգող և միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությամբ թեստերի միջոցով ևս, որի հիմքում բնագիտական քննությունների մասով կլինեն նաև լաբորատոր-գործնական աշխատանքների մասին կարգավորումներ: Թեստերի միջոցով կստուգվեն հանրակրթության պետական չափորոշչի ներդրման վերջնարդյունքները: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրված հանրակրթական ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողը հանձնում է և՛ միասնական և՛ փորձարարական միասնական քննություններ ու հայտագրված համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով: Կարգավորման նպատակը հենց այս 2023-2024 ուսումնական տարվա ավարտից փորձնական ներդնել թեսթերի /առաջադրանքների/ նոր համակարգ (նոր ծրագրային նյութի վերջնարդյունքները գնահատելու համար), որի արդյունքները, որպես նաև ավարտական քննություններ, հիմք կհանդիսանան բուհ ընդունելության համար, արդեն 2026 թվականից հետո հանրակրթական բոլոր ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար կիրառելու ակնկալիքով: Այս ձևաչափով քննությունները կկազմակերպվեն ընդունելության հիմնական   փուլից հետո, հուլիս ամսվա ընթացքում: Այն լրացուցիչ ևս մեկ հնարավորություն է քննություն հանձնելու և մրցույթին մասնակցելու առավել բարձր արդյունքով: Իրականացվող բարեփոխումների համատեքստում նախատեսվում է փոխել նաև բուհեր ընդունելության սկզբունքները, և փորձնական այս հնարավորությունը, դրա արդյունքների վերլուծությունը թույլ կտան մշակել նոր մոտեցումներ:

Որոշմամբ 2024-2025 և 2025-2026 ուստարիների ընդունելության համար ևս, ինչպես 2022-2023, 2023-2024 ուսումնական տարիներին, ամրագրվել են նաև «Արարատյան բակալավրիատ»-ի քննությունները՝ հաշվի առնելով ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտների ակնկալիքները, որոնց համար մրցույթը կիրականացվի «Արարատյան Բակալավրիատ»-ին հատկացված նպատակային տեղերի շրջանակում, մինչև հանրակրթության նոր չափորոշչի ամբողջական ներդրումը ՀՀ ողջ տարածքում: Առաջարկվող փոփոխություններով հստակեցվում է ընդունելության քննություններին և մրցույթին մասնակցելու համար հայտագրվողների շրջանակը,  շեշտադրվում է ոչ թե քաղաքացիության, այլ ՀՀ կամ այլ պետությունների ուսումնական հաստատությունների նախորդ և ընթացիկ տարվա շրջանավարտ լինելու հանգամանքի վրա: Կարգավորվում է մասնագիտությունների հայտագրման երրորդ (լրացուցիչ) փուլի գործընթացները, հայտագրման ժամկետը  հուլիսի 19-ից տեղափոխվել է հուլիսի 20-ը՝ հուլիսի 18-ին հիմնական փուլի ամփոփումից հետո համակարգը հաջորդ փուլին պատրաստելու  ժամանակ շահելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print