Տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներից․ Թասմաղամբետով

Տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներից. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

Նա նաև հավելել է, որ «Բաքուն սեփական ուժերն ունի Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար»։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայությանը, ապա ներկայումս դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի իր ուժերը՝ անվտանգությունն ապահովելու համար, և ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանի չի լուծվում։ Կարծում եմ, որ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներից»,- նշել է նա։

Նշենք, որ ապրիլի 17-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է կայացրել ռուսական խաղաղապահ զորախմբի վաղաժամկետ դուրսբերման մասին։ Նա նշել է, որ երկու երկրի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար։

Ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախում տեղակայվել է՝ Հայաստանի,Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print