Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարվա ազատազրկման

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ապրիլի 5-ին հրապարակել էր դատավճիռ, որով Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվել են ազատազրկման՝ 15 տարի ժամկետով։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալներ Գնել Թևոսյանի, Մովսես Ազարյանի, Նորիկ Սահակյանի, Վաչե Սահակյանի պատիժը Վերաքննիչ քրեական դատարանը խստացրեց՝ նրանց դատապարտելով 18 տարվա ազատազրկման։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը։

«Մենք ցմահ էինք ուզում, բայց դա էլ էր մի բան, որ այդպես եղավ։ Անհասկանալի որոշում էր կայացրել առաջին ատյանի դատարանը, որը անփոփոխ չմնաց, շնորհակալ եմ դատարաններից, որ ճիշտ որոշում կայացրին»,- նշեց սպանվածի հայրը։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ապրիլի 5-ին հրապարակել էր դատավճիռ, որով Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվել են ազատազրկման՝ 15 տարի ժամկետով։ Դատարանն ամբաստանյալներին առաջադրված՝ ՀՀ ՔՕ 104֊րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից՝ խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով մեղադրանքը վերաորակել էր եւ նրանց մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից սպանության համար։ Ամբաստանյալներից Վաչե Սահակյանն առաջադրված մեղադրանքներից մեկով՝ 359-րդ հոդվածի 1֊ին մասով, արդարացվել էր։

Հիշեցնենք, որ կուրսանտի դին հայտնաբերվել է 2015 թվականի հունվարի 29-ին՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Ըստ գործի նյութերի՝ մի քանի զինծառայողներ բռնել են անկողնում պառկած կուրսանտի ոտքերը և ձեռքերը, փակել բերանը՝ զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա սուր կտրող-ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, որին հաջորդել են հարվածներ կուրսանտի կրծքավանդակին և դեմքին, այնուհետև սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը, ապա հագցրել են կուրսանտի հագուստները և տեղափոխել զորամասի մարզահրապարակ, որտեղ և պտտաձողից կախել են այս դաժան գործողությունների արդյունքում շնչահեղձությունից մահացած Հայկազ Բարսեղյանին: Սույն գործով ամբաստանյալի կարգավիճակում են Հայկազ Բարսեղյանի չորս համածառայակիցները՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, որոնք մեղադրվում են Հայկազ Բարսեղյանի սպանության համար։ Չորս ամբաստանյալներից բացի մեղադրանք էր առաջադրվել նաև նույն զորամասի կուրսանտ Վարազդատ Սաֆարյանին, որի նկատմամբ դատաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Ամբաստանյալներն արդեն 9 տարի է՝ կալանքի տակ են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print