«Կրոկուսի» գործով ևս երեք անձ կալանավորվեց. նրանք նույն ընտանիքի անդամներ են

Բոլորին մեղադրանք է առաջադրվել ահաբեկիչներին օժանդակելու համար։ Նրանք մեկուսարանում կլինեն մինչև մայիսի վերջ։

Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորեց «Կրոկուսի» ահաբեկչության գործով ևս երեք մեղադրյալի: Նրանք նույն ընտանիքի անդամներ են՝ հայրը՝ Իսրոյիլ Իսլոմովն ու երկու որդիները՝ Ամինչոնը և Դիլովարը։ Նրանք մեկուսարանում կմնան մինչև մայիսի 22-ը։

ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ Իսլոմով եղբայրներն ահաբեկչական խմբավորմանը միացել են այս տարվա հունվար-մարտ ամիսներին։ Խմբի պարագլուխ Շամսիդդին Ֆարիդունին սկզբում ներգրավել է Ամինչոնին, իսկ արդեն մարտին` Դիլովարին։ Հենց Դիլովար Իսլոմովն է վաճառել իր «Ռենո» ավտոմեքենան, որով ահաբեկիչները փորձել են թաքնվել։

Նախկինում Դիլովարը իրավապահների տեսադաշտում է հայտնվել 500-ից 1500 ռուբլի տուգանքներ չվճարելու համար։ Նա ավտոմեքենաների սիրահար է։ Սոցիալական ցանցի իր էջում բազմաթիվ լուսանկարներ ունի մեքենաների հետ։

Իսլոմովներին մեղադրանք է առաջադրվել ահաբեկիչներին օժանդակելու համար։
Ավելի վաղ 2 ամսով կալանավորվել էին ահաբեկչության մասնակիցներ Դալերջոն Միրզաևը (32 տարեկան), Ռաչաբալիզոդա Սաիդակրամին (30 տարեկան), Ֆարիդունի Շամսիդինը (25 տարեկան) և Մուհամմադսոբիր Ֆայզովը (19 տարեկան): Նրանք բոլորը ծնունդով Տաջիկստանից են։

Հիշեցնենք մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 133-ը մահացել են (այդ թվում՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print