Զախարովան մեկնաբանել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցը

Մենք հայկական կողմի հետ կապի մեջ ենք հանրապետությունում ռուսական ալիքների հեռարձակման հարցի կարգավորման նպատակով, ստացել ենք իրենց մշակումները և փոխանցել ենք մերը։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է լրագրողի հարցը, թե արդյոք ՌԴ-ն ստացել է ՀՀ ԲՏԱ նախարարության նամակը Հայաստանում ցուցադրվող ՌԴ հեռուստաալիքների, դրանց ցուցադրության ու կարգավորումների վերաբերյալ, և արդյո՞ք հնարավոր է ռուսական հեռուստաալիքների արգելափակում Հայաստանում։ 

Զախարովան, մասնավորապես, պատասխանել է. «Մենք հայկական կողմի հետ այդ հարցով կապի մեջ ենք, կոնսուլտացիաներ ենք անցկացնում։ Մտքերի փոխանակումը շարունակվում է։ Մեր փոխադարձ նպատակն այն է, որ կարգավորենք բոլոր առկա և ծագող խնդիրները՝ փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Հենց դա պետք է լինի երկրների ներկայացուցիչների նպատակը, մենք մեր կողմից այդպես ենք վարվում։ Մենք հիանալի հիշում ենք՝ ինչ կարգախոսներով իշխանության եկան Հայաստանի ներկա իշխանությունները․ թափանցիկության, խոսքի ազատության և հաշվետվողականության։ Չենք ուզում նույնիսկ կարծել, որ ներկա իշխանությունները դեմ կգնան սեփական կարգախոսին, գնան այն իշխանությունների հետքերով, որոնց քննադատում էին և ավելի վատթար կերպով փորձեն անջատել Հայաստանում այնքան պահանջված ալիքները։ Խոսքի ազատության հիմքը հենց մամուլի ազատությունն ու իրավականությունն է։ Նույնիսկ չեմ կարող պատկերացնել, որ ազատ խոսքի ու ժողովրդավարության ջատագովները ալիքներ անջատեն կամ ցենզուրայով զբաղվեն»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print