SpaceX-ը հարյուրավոր լրտեսական արբանյակների ցանց է ստեղծում

Փորձագետները պարզաբանում են, որ եթե այս նախաձեռնությունը հաջողվի, ԱՄՆ ռազմական գերատեսչությունները կստանան հզոր հետախուզական համակարգ։

Իլոն Մասկի մասնավոր օդատիեզերական SpaceX ընկերությունը հիմնադրումից ի վեր լավ գումար է վաստակում պետական ​​պայմանագրերից։  Reuters-ին այս շաբաթ հաջողվել է պարզել, 
որ ԱՄՆ ռազմական հետախուզության շահերից ելնելով, ընկերությունը 2020 թվականից ի վեր ստեղծում է հարյուրավոր լրտեսական արբանյակների ցածր ուղեծրային ցանց, որի պայմանագրային գումարը գնահատվում է 1,8 միլիարդ դոլար:

SpaceX-ի ստորաբաժանումը, որը պատասխանատու է այս նախագծի իրականացման համար, կոչվում է Starshield: Հետախուզական արբանյակների նախատիպերն ընկերությունը սկսել է ուղեծիր դուրս բերել դեռևս 2020 թվականին։ Դրանք մարտավարական և օպերատիվ մակարդակով ռազմական գործողություններ պլանավորելու համար Երկրի մակերևույթի գրեթե ցանկացած կետի պատկերներն արագորեն ստանալու հնարավորություն են տալիս:

Նման արբանյակների առաջին նախատիպերը, որոնք թվով մոտ տասն են, 2020 թվականից սկսած արձակվել են SpaceX-ի կողմից 200 միլիոն դոլար արժողությամբ առանձին պայմանագրով, բայց մեկ տարի անց ստորագրվել է 1,8 միլիարդ դոլարի պայմանագիր, որը ներառում է այդ նպատակով մի քանի հարյուր արբանյակ արձակելու պարտավորություն:

Ընդգծվում է, որ Starshield հետախուզական ցանցը կգործի Starlink-ից անկախ։

Ամբողջ նախագիծը մնում է գաղտնի, սակայն դրա մասին առաջին հիշատակումը եղել է The Wall Street Journal-ի էջերում դեռ այս տարվա փետրվարին։ Reuters-ի փոխանցմամբ՝ Starshield ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Ռազմական տիեզերական հետախուզության ազգային գրասենյակի (NRO) համար։

Փորձագետները պարզաբանում են, որ եթե այս նախաձեռնությունը հաջողվի, ԱՄՆ ռազմական գերատեսչությունները կստանան հզոր հետախուզական համակարգ, որը թույլ կտա ամբողջ աշխարհում արագորեն հետևել թշնամու ցամաքային զորքերի տեղաշարժերին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print