2024թ․ փետրվարն ամենատաքն էր ամբողջ աշխարհում

Բացի այդ, եղանակը ավելի տաք է եղել Սիբիրի շրջաններում, Հյուսիսային Ամերիկայի որոշ հատվածներում, Հարավային Ամերիկայի մեծ մասում, Աֆրիկայում և Արևմտյան Ավստրալիայում, ընդգծել են կանխատեսողները։

Օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ 2024 թվականի փետրվարն ամենատաքն էր ամբողջ աշխարհում, հայտնում է Եվրոպական մոնիտորինգի Copernicus ծառայությունը։ «2024 թվականի փետրվարը ռեկորդային ամենատաք փետրվարն էր ամբողջ աշխարհում»,- ասվում է ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ըստ օդերևութաբանների՝ այս տարվա փետրվարի միջին ջերմաստիճանը կազմել է 13,54 աստիճան, ինչը 0,81 աստիճանով բարձր է 1991-2020 թվականների միջին ջերմաստիճանից և 0,12 աստիճանով բարձր 2016 թվականի փետրվարի միջին ջերմաստիճանից, որը նախկինում համարվում էր ամենատաքը։

Նշվում է, որ 2024 թվականի փետրվարը դարձել է իններորդ ամիսն անընդմեջ, որի ջերմաստիճանը գերազանցել է եղանակային ռեկորդները։

Անցյալ ամիս Եվրոպայում միջին ջերմաստիճանը երեք աստիճանով բարձր է եղել սովորականից, ինչը «շատ բարձր է միջինից Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համար»: Բացի այդ, եղանակը ավելի տաք է եղել Սիբիրի շրջաններում, Հյուսիսային Ամերիկայի որոշ հատվածներում, Հարավային Ամերիկայի մեծ մասում, Աֆրիկայում և Արևմտյան Ավստրալիայում, ընդգծել են կանխատեսողները։

Տվյալները հավաքագրվել են արբանյակների, եղանակային կայանների, նավերի և օդանավերի միջոցով ամբողջ աշխարհում, նշել է Copernicus-ը:

Նախկինում եվրոպական մոնիտորինգի Copernicus ծառայությունը հայտնել էր, որ 2023 թվականը ռեկորդային ամենատաք տարին է, և տարվա միջին գլոբալ ջերմաստիճանը գերազանցել է նախաարդյունաբերական դարաշրջանի ցուցանիշը 1,48 °C-ով: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) ավելի ուշ հաստատել էր, որ 2023 թվականը եղել է ռեկորդային ամենաշոգ տարին: Նշվել է, որ գլոբալ ջերմաստիճանը յուրաքանչյուր ամսվա ընթացքում հունիսից դեկտեմբեր ամիսներին նոր ռեկորդներ է սահմանում, ընդ որում՝ հուլիսն ու օգոստոսը դարձել են ռեկորդային ամենաշոգ ամիսները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print