Աշխատանքի հնարավորություն՝ մշակող արդյունաբերության ոլորտում

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և ՀՀ քաղաքացիներին մշակող արդյունաբերության ոլորտում աշխատելու հնարավորություն կտրվի առանց աշխատանքային փորձի։

Մշակող արդյունաբերության ոլորտի գործատուներին Էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է աջակցություն տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և ՀՀ քաղաքացիներին աշխատանքի վերցնելու դեպքում։ Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ից հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Աջակցությունն ուղղված կլինի այն անձանց, որոնք նոր են մտնում մշակող արդյունաբերության ոլորտ, չունեն բավականին փորձ և գիտելիքներ այդ ոլորտում աշխատելու։ «Գործատուն երկար ժամանակ ռեսուրսներ և ջանք է գործադրում, որպեսզի սկսնակ աշխատողը ունենա բավականաչափ արտադրողականություն։ Մենք առաջարկում ենք միջոցառում. եթե մարդը նախկինում չի աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում, գալիս է այս ոլորտը, ապա մեկ տարի անընդմեջ աշխատելուց հետո կտրամադրվի փոխհատուցում գործատուին վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով։ Մեկ աշխատակցի համար կա որոշակի սահմանափակում՝ տարեկան 500 հազար դրամ։ Մեր հաշվարկներով սա բավարար է, որպեսզի աշխատողը վարձատրվի մինչև 250 հազար դրամ աշխատավարձով, իսկ գործատուն տարեվերջում ստանա համապատասխան փոխհատուցում», – ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալը։

Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ 6 ամիսը բավարար ժամանակահատված է, որպեսզի աշխատակիցը ոլորտում գիտելիքներ և փորձ ձեռք բերի, իսկ մյուս 6 ամսում դառնա թիմի մաս և ունենա արտադրողականություն։ Գևորգյանը նաև ներկայացրեց, թե որ քաղաքացիները կարող են դառնալ ծրագրի շահառու։ «ՀՀ բոլոր քաղաքացիների համար սա գործում է հետևյալ տրամաբանությամբ․ երբ աշխատակիցը նոր է մուտք գործում ոլորտ, հարկային համակարգի միջոցով հնարավոր է կատարել ստուգում, և եթե տվյալ աշխատակիցը չի աշխատել ոլորտում անցած 3 տարիների ընթացքում, ապա նա կարող է դառնալ ծրագրի շահառու։ Իսկ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց դեպքում մենք սահմանել ենք որոշակի առանձնահատկություններ, ինչի դեպքում չկա քաղաքացիության պահանջ և չի ստուգվում նախկինում ունեցած աշխատանքային փորձը»։ Ըստ Գևորգյանի՝ եթե անձը աշխատանքի անցնի մշակող արդյունաբերության ոլորտում և համապատասխանի նշված չափանիշներին, 12 ամիս անընդմեջ աշխատելուց հետո գործատուն փոխհատուցում կստանա։ Ծրագիրը գործելու է մինչև 2026 թվականի ավարտը։

© factor.am

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print