Երևան համայնքը մոտ 1 միլիարդ դրամի վնաս է կրել․ Քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևան համայնքի մայթերին, այսինքն՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա առանց որևէ հիմքի 1296 տերմինալ է տեղադրված:

Երևան համայնքը մոտ 1 միլիարդ դրամի վնաս է կրել՝ մայթերին տեղադրված տերմինալների զբաղեցրած տարածքի համար վարձավճար չստանալով։ Այս հաշվարկն արվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում՝ «Հետքի» հոդվածից հետո սկսված ուսումնասիրության շրջանակում։

Ուսումնասիրությունն իրականացրած ավագ դատախազ Աղավնի Մադոյանը հայտնեց, որ 4 ամիս տևած ուսումնասիրության արդյունքում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Երևան համայնքի մայթերին, այսինքն՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա առանց որևէ հիմքի 1296 տերմինալ է տեղադրված: Նախնական հաշվարկով՝  Երեւան համայնքը 926 միլիոն 588 հազար 160 դրամի վնաս է կրել։

2022 թ.-ին «Հետք»-ն ուսումնասիրել էր Երևան քաղաքում վճարային տերմինալների տեղադրման օրինականությունը, տեղադրման հիմքերը և պարզել, որ մի շարք ընկերություններ տնտեսական գործունեության նպատակով օգտագործում են մայթերը, գետնանցումները, հանրային այլ տարածքներ, սակայն Երևան քաղաքին վարձավճար չեն տալիս (բացառությամբ մեկից՝ այն էլ որոշ վերապահումներով):

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print