Ֆուտբոլային ակումբը համալրել են 8 ֆոտբոլիստ։
«Սյունիք» ՖԱ- ն հայտնել է տրանսֆերների մասին. ֆուտբոլային ակումբը համալրել են 8 ֆոտբոլիստ։ Տեղեկությունը հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։
Ակումբի նորեկ Պետրոս Աֆաջանյանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել նաեւ «Արարատում», «Շիրակում» եւ «Նոայում»։ 24ամյա կիսապաշտպանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 1 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ։ Աֆաջանյանը եղել է նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ։
Էրիկ Վարդանյանը «Սյունիք» է տեղափոխվել Գյումրիի «Շիրակից», որի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 24 խաղի։ Վարդանյանը ՄԻԿԱ-ի սան է, հանդես է եկել նաեւ «Բանանցում» եւ «Արարատում»՝ իր ակտիվում գրանցելով Բարձրագույն խմբի 46 հանդիպում։ 24-ամյա կիսապաշտպանը խաղացել է նաեւ Հայաստանի Մ19 եւ Մ21 հավաքականներում։
Արման Սիմոնյանը Հայաստանի հարավ է եկել «Նոայից» որտեղ անցկացրել է 2022/23 թթ․ մրցաշրջանի գարնանային հատվածը։ 25-ամյա դարպասապահը հանդես է եկել Երեւանի «Արարատում»՝ մասնակցելով Առաջին խմբի 31 եւ Բարձրագույն խմբի 1 հանդիպման։
Էրիկ Սողոմոնյանը «Սյունիք» է տեղափոխվել Երեւանի «Ալաշկերտից»։ 23-ամյա կիսապաշտպանը «Շիրակի» սան է, խաղացել է նաեւ «Վեսթ Արմենիայում»։ Սողոմոնյանը մասնակցել է Առաջին խմբի 57 եւ Բարձրագույն խմբի 11 հանդիպման։
Էրիկ Սողոմոնյանը Հայաստանի չեմպիոն է եւ սուպերգավաթակիր։
Ակումբից հայտնում են, որ «Սյունիքը» համալրել են նախորդ մրցաշրջանում «Գանձասարում» հանդես եկած չորս ֆուտբոլիստներ։
Կապանցի ռմբարկու Ալեն Կարապետյանը վերադառնում է հարազատ ակումբ։ 27-ամյա հարձակվողը նախորդ մրցաշրջանում դարձել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության լավագույն ռմբարկու։ Կարապետյանը Առաջին խմբի առաջնության 112 խաղում ակտիվում ունի 46 գոլ։ 2017/18 թթ․ մրցաշրջանում մեր նորեկը «Գանձասար-Կապանի» հետ նվաճել է Հայաստանի գավաթը։
«Առաքելյան եղբայրները միավորվում են «Սյունիքում»: Կապանցի Սուրեն Առաքելյանն ակտիվում ունի Առաջին խմբի առաջնության 122 հանդիպում, դարձել է յոթական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ»,- ասվում է հաղորդագրությունում
Նշվում է, որ 27-ամյա կիսապաշտպանը նույնպես 2017/18 թթ․ մրցաշրջանում «Գանձասար-Կապանի» կազմում նվաճել է Հայաստանի գավաթը։
Տիգրան Այունցը «Միկայի» սան է, որից տեղափոխվել է «Ուրարտու» եւ անցկացրել այնտեղ 6 տարի։ 23-ամյա պաշտպանն Առաջին խմբի առաջնություններում մասնակցել է 102 խաղի, խփել 14 գոլ եւ կատարել 15 գոլային փոխանցում։ Այունցը 7 հանդիպում անցկացրել է Բարձրագույն խմբում, եւս չորսը՝ Հայաստանի գավաթի խաղարկությունում։ Ակումբի նորեկը հանդես է եկել Հայաստանի Մ16, Մ17, Մ18, Մ19 եւ երիտասարդական հավաքականներում։
Պերճ Պողիկյանը «Փյունիկի» սան է, որի համակարգում հանդես է եկել մինչեւ 2022 թվականը, այնուհետեւ տեղափոխվել «Գանձասար»։ 23-ամյա պաշտպանը մասնակցել է Առաջին խմբի 103 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Պողիկյանը հանդես է եկել նաեւ Հայաստանի Մ16, Մ17, Մ18 եւ Մ19 հավաքականներում։









