Անդրադառնալով լրագրողի հարցին, որ ընտրության օրը քաղաքական ուժերից մեկն ընտրակաշառքի մասին հայտարարությամբ է հանդես եկել, սակայն որևէ հիմնավոր փաստ չի ներկայացրել, Հովակիմյանը հիշեցրեց, որ այդ հարցն իրավապահների տիրույթում է։
Այսօր մարտի 26-ին կայացած ՏԻՄ ընտրությունների՝ դատական կարգով բողոքարկման վերջին օրն է, և այս պահի դրությամբ բողոքարկում առկա չէ: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
ԿԸՀ նախագահը կարևորեց ՏԻՄ ընտրություններում ուղիղ ժամանակային ռեժիմում առաջին անգամ կիրառված ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը և միաժամանակյա համացանցային հեռարձակումը։
Վահագն Հովակիմյանի խոսքով, այս ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները կարելի է որակել, որպես «իներցիայով արված» գործողություններ։
Նա թվարկեց դեպքեր, երբ ընտրական գործընթացներում ներգրավված անձինք, ճիշտ է, չեն խախտել Ընտրական օրենսգրքի պահանջները, ընտրատեղամասերից 100 մետր հեռավորության վրա կանգնելով, սակայն տեղամասերից որոշակի հեռավորությամբ կուտակումները ինքնին ահազանգերի առիթ են դարձել։
Հովակիմյանի խոսքով՝ այդ միջադեպերը արժանացել են ընտրատեղամասերի տարածքներում հերթապահություն իրականացնող ԿԸՀ անդամների գնահատականին, և ընդհանուր առմամբ ընտրական գործընթացների վրա ազդեցություն չեն ունեցել։
Անդրադառնալով լրագրողի հարցին, որ ընտրության օրը քաղաքական ուժերից մեկն ընտրակաշառքի մասին հայտարարությամբ է հանդես եկել, սակայն որևէ հիմնավոր փաստ չի ներկայացրել, Հովակիմյանը հիշեցրեց, որ այդ հարցն իրավապահների տիրույթում է։
ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ընտրակաշառքի վերաբերյալ ցանկացած հաղորդում քրեաիրավական բնույթի տարրեր է պարունակում։ Ապա ընդգծեց, որ այդ լուրից անմիջապես հետո գլխավոր դատախազությունն է հաղորդագրությամբ հանդես եկել, որ բոլոր նման լուրերը քննվելու են։
«Ես լիահույս եմ, որ դատախազությունը մինչև վերջ հետամուտ կլինի, և առհասարակ մեր իրավապահ մարմինները նման դեպքերի հետ կապված հետաքննություն կիրականացնեն, եթե հարկ կլինի նաև նախաքննություն»,- ասաց նա։
–

