Զբոսավարները և ուղեկցորդները պարտադիր որակավորում կանցնեն

Զբոսաշրջությամբ զբաղվող տնտեսվարողները կմտնեն կարգավորումների դաշտ, իսկ բոլոր զբոսավարների և ուղեկցորդների համար լինելու է պարտադիր որակավորում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը նշեց, որ այս պահին ունեն օրենքի նոր նախագիծ, որը ստեղծվել է համապատասխան գերատեսչությունների հետ և որի շուրջ ազգային ժողովում արդեն քննարկումներ իրականացվել են:

 «Ըստ օրենքի, նաև ներդնելու ենք որակավորման գործընթացներ: Լինելու է պարտադիր որակավորում զբոսավարների և ուղեկցորդների համար, ինչպես նաև կամավոր որակավորում հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային ավտոբուսների համար: Սրանք այն հիմնական փոփոխություններն են, որոնք ընդգրկվել են մեր ներկա օրենքի նախագծում»,-ասաց Սուսաննա Հակոբյանը:

Հակոբյանը նշեց, որ նոր օրենքով արտագնա զբոսաշրջային գործակալների և տուրօպերատորների համար գործելու են ֆինանսական երաշխիքներ:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում գործող տուրիստական գործակալությունները և նրանց կողմից առաջարկվող զբոսավարները համապատասխանում են միջազգային ստանդարտներին՝ Սուսաննա Հակոբյանն ընդգծեց՝ ո՛չ:

Սուսաննա Հակոբյանն ասաց, որ հյուրանոցային տնտեսության  օբյեկտների որակավորման  գործընթացը իրենք  պատվիրակելու են կառավարության որոշմամբ ընտրված իրավական մարմնին, այսինքն՝ որակավորման ամբողջ գործընթացը, միջազգային ստանդարտներին համապատասխան, իրականացնելու  է տվյալ մարմինը: Իսկ այս բոլոր գործընթացները իրականացնելու նպատակով  միջազգային ստանդարտները կվերցվեն և կտեղայնացվեն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print