Կառավարությունն իր մարտի 5–ի նիստում հաստատեց ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացնելու մասին որոշումը։
Հարցը ներկայացրեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով. «623,353 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է 10 հազար դրամ և ավելի, մնացած 39,594 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է շուրջ 8500 դրամով: Դրանք հիմնականում երկարամյա զինվորական կենսաթոշակ ստացող մեր քաղաքացիներն են, որոնց կենսաթոշակն արդեն իսկ միջինում կազմում է 95 հազար դրամ»։
Նախարարը տեղեկացրեց, որ նախատեսված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստի բարձրացում ուղիղ 10 հազար դրամով: Առաջին, երկրորդ, երրորդ խմբերի և ֆունկցիոնալության խորը, ծանր ու միջին սահմանափակում ունեցող քաղաքացիների նպաստներն այսօր 39 հազար, 37,5 հազար և 36 հազար դրամ է, դրանք կդառնան 49 հազար, 47,5 հազար և 46 հազար դրամ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նվազագույն կենսաթոշակը 36 հազարից կդառնա 46 հազար դրամ, իսկ հիմնական կենսաթոշակի չափը՝ 24 հազարից 34 հազար դրամ։ Կենսաթոշակի հաշվարկման սկզբունքը մնում է նույնը. հիմնական չափին գումարվում են աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար նախատեսված վճարները, սակայն երաշխավորվում է նվազագույնը 46 հազար դրամ։ Միևնույն ժամանակ, հիմնական կենսաթոշակի չափը կբարձրանա բոլոր կենսաթոշակառուների համար, այդ թվում՝ նրանց, ովքեր նվազագույնից բարձր թոշակ են ստանում։
Նույն չափով (36 հազարից մինչև 46 հազար դրամ) կբարձրանա նաև ծերության նպաստը (որը վճարվում է 63 տարին լրացած, բայց կենսաթոշակի համար բավարար ստաժ չունեցող անձանց)։
Կփոխվի նաև զինվորական կենսաթոշակների հաշվարկը. հիմնական չափը 20 հազարից կդառնա 21 հազար դրամ, իսկ ծառայության յուրաքանչյուր տարվա համար հավելավճարը՝ 1 750-ից 2 000 դրամ։
Արդյունքում միջին աշխատանքային կենսաթոշակը 48 993-ից կդառնա 59 181 դրամ, իսկ միջին զինվորական կենսաթոշակը՝ 96 321-ից 104 852 դրամ։
Եթե կենսաթոշակառուները (թե զինվորական, թե քաղաքացիական) գնումներն անկանխիկ անեն, կօգտվեն նաև 20% հետվճարից։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հանրապետությունում կենսապահովման նվազագույն զամբյուղը (որը ներառում է ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային ապրանքներն ու կոմունալ ծառայությունները), ըստ հաշվարկման մի մեթոդաբանության, կազմում է ամսական 68 784 դրամ, ըստ մեկ այլ մեթոդաբանության՝ 78 836 դրամ։
Պարտադիր ժամկետային զինծառայողների շարքային կազմի հաշմանդամության զինվորական կենսաթոշակը 1-ին խմբի դեպքում 50 600-ից կդառնա 64 600 դրամ, 2-րդ խմբի դեպքում՝ 41 400-ից 54 800, և 3-րդ խմբի դեպքում՝ 38 հազարից 48 հազար դրամ։
Շարքային կազմի ժամկետային զինծառայողի զոհվելու դեպքում կերակրողին կորցնելու կենսաթոշակը 38 հազարից կբարձրանա մինչև 48 հազար դրամ, իսկ երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան երեխաների համար՝ 120 հազարից մինչև 170 հազար դրամ։
1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց նպաստը 39 հազարից կդառնա 49 հազար դրամ, 2-րդ խմբի դեպքում՝ ՝ 37,5 հազարից 47,5 հազար, 3-րդ խմբի դեպքում՝ 36 հազարից 46 հազար դրամ, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ 39 հազարից 49 հազար դրամ։
Ընդհանուր առմամբ, կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար բյուջեից լրացուցիչ կպահանջվի 78,7 մլրդ դրամ։

