Հայաստանի ներդրումային խորհուրդը ՀՀ Էկոնոմիկայի հետ համատեղ մշակել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկում է մասնակի փոխհատուցել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գտնվող հյուրանոցներից օգտված տնտեսվարողների ծախսերը։ Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման e-draft հարթակում, որտեղ կարծիքներ և առաջարկություններ կարող են հայտնել բոլոր հետաքրքրված կողմերը։
Նախագծով առաջարկվում է մինչև 2023 թվականի մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցներից օգտված տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում` արդեն իսկ վճարված գումարի 60%-ի չափով (բայց ոչ ավելի քան 3,000,000 դրամ)։
Աջակցության այս միջոցառումը կապահովի լրացուցիչ մոտ 2500 զբոսաշրջիկի այցելություն Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, որոնք կստեղծեն լրացուցիչ եկամուտներ ինչպես հյուրանոցային տնտեսության, այնպես էլ հանրային սննդի օբյեկտների և այլ տնտեսավարողների համար: Սա առավել կարևոր է սահմանամերձ մարզերում, ինչպիսիք են Վայոց Ձորը և Սյունիքը։ Այս մարզերը զբոսաշրջային հոսքերի նկատելի անկում են արձանագրում պայմանավորված Արցախի շուրջ իրավիճակով և զարգացումներով։
Ակնկալվում է, որ այս առաջարկից կօգտվեն հիմնականում ընկերություններ, որոնք կկազմակերպեն կորպորատիվ քննարկումներ, կարճատև դասընթացներ կամ այլ աշխատանքային հանդիպումներ թիրախային մարզերի հյուրանոցներում և հյուրատներում։ Ընդ որում նշված ծառայություններից պետք է փաստացի օգտված լինեն ընկերություններ, որոնց առնվազն 5 աշխատակից օգտվում է տվյալ ծառայությունից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջարկվող բարեփոխումների, քննարկվող հարցերի ընթացքի մասին հավելյալ թարմացված տեղեկատվություն կարող եք գտնել կայքի «Նորություններ» բաժնում, արդեն ընդունված կամ առաջարկվող բարեփոխումների ցանկը կարող եք գտնել կայքի «Բարեփոխումներ» բաժնում։

