«Սյունիք» ՖԱ-ն նոր հովանավորներ ունի․ ակումբը զարգացնում է համագործակցությունները մարզում

Փետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը համագործակցության նոր փուլ սկսեց՝ հուշագիր-համաձայնագիր կնքելով մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ։

Մինչև 2025 թվականը ակումբի գլխավոր և միակ հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր։ Այս տարվանից «Սյունիք» ՖԱ-ն ընդլայնում է գործընկերների շրջանակը՝ նմանատիպ համագործակցության պայմանագրեր կնքելով նաև «Է. Կ. Քոնսթրաքշն» և «Նորոգշին» ընկերությունների հետ։

Վերջին երկու տարիներին «Սյունիք» ՖԱ-ն հանդես է գալիս որպես Առաջին խմբի առաջատար թիմերից մեկը, իսկ աղջիկների թիմը 2025 թվականին նվաճել է չեմպիոնի տիտղոսը։

Ակումբի սեփականատեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, բացի մարզական արդյունքներից, կարևորում է նաև մարզում առողջ ապրելակերպի խթանումն ու սպորտի մասսայականացումը։

2024 թվականից մարզի բոլոր խոշոր քաղաքներում գործում են ակումբի ֆուտբոլային դպրոցները, որտեղ ներգրավված են ավելի քան հազար երեխա և պատանի։ Ակումբը իր սաներին ապահովում է անվճար համազգեստով, կազմակերպում է նրանց տեղափոխումը հեռավոր բնակավայրերից, իսկ որոշ դեպքերում նաև տրամադրում է անվճար սնունդ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print