Փետրվարի 10-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Դ․-ն և հայտնել, որ «Հրազդան-Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ի գործարանի դռները, կնիքներն ու կողպեքները հայտնաբերել է կոտրված վիճակում, հաղորդում է Shamshyan.com—ը։
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ փետրվարի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դռան կողպեքները կոտրելու միջոցով ապօրինի մուտք են գործել Հրազդան քաղաքի Գործարանային 1 հասցեում գտնվող «Հրազդան-Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող գործարանի տարածք և գողացել պղնձյա մալուխներ, վերամբարձ կռունկի հեռակառավարման վահանակի մեջ գտնվող պղնձյա դետալներ, էլեկտրական մետաղահատ՝ ընկերությանը պատճառելով գույքային վնաս։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրավապահները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ «Հրազդան-Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող գործարանի հումքի ջարդման և գազաջրամատակարարման արտադրամասերից և լաբորատորիայից տարածքից գողություն կատարած անձինք մարզերից մեկի բնակիչներ 16 և 15-ամյա տղաներ են։ Փետրվարի 11-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից էլ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Կայքի տեղեկություններով Արմեն Դ․-ն աշխատում է «Հրազդան-Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ում, որպես անվտանգության պետ։

