Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE) ՀՀ կառավարության հետ համատեղ մտադիր է Կապանում հիմնել տեխնոլոգիական քոլեջ՝ «InnoIjevan» մոդելի օրինակով։ Այս մասին Միության ամենամյա հավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է UATE-ի գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Իջևանում գործող քոլեջը գործում է դուալ կրթության մոդելով, որի շրջանակում ուսանողները երկրորդ կուրսից սկսած համատեղում են ուսումը և աշխատանքը։ Մի քանի տարի առաջ Երևանում ևս մեկնարկել է «Իրական դպրոց» վարժարանը, որի համահիմնադիրներն են UATE-ը և «Instigate» ՏՏ ընկերության հիմնադիրները։
Նախագծի հաջողված օրինակներից է «Microchip» ընկերության համագործակցությունը վարժարանի հետ։ Ընկերությունն ունի գրասենյակներ Երևանում, Շիրակում, Վանաձորում և Իջևանում։ Մարզային գրասենյակները ձևավորվել են «Instigate»-ի դուստր ձեռնարկություններից մեկի ձեռքբերումից հետո։
«Այսպիսով երեխաները հնարավորություն ունեցան առանց հայրենի Իջևանից հեռանալու մասնագիտություն ձեռք բերել և սկսել աշխատել ՏՏ խոշոր ընկերությունում։ Հիմա մենք ուզում ենք այդ մոդելը զարգացնել Կապանում, և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն պատրաստակամություն է հայտնել աջակցելու այնտեղ նմանատիպ մոդելի վրա հիմնված կրթական կենտրոնի ստեղծմանը», – ասաց Կարապետյանը։
Նախատեսվում է, որ քոլեջը կստեղծվի պետական-մասնավոր հիմնադրամի ձևաչափով, իսկ կառավարման խորհրդում ընդգրկված կլինեն երկու կողմերի ներկայացուցիչներ։

