Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող 71 քաղաքացիները, որոնց 100 տարին լրացել է կամ կլրանա այս տարի, 2026 թվականին պետական մակարդակով կստանան հարգանքի և աջակցության նյութական արտահայտություն` միանվագ 1 մլն դրամի չափով։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության փետրվարի 5-ի նիստի ժամանակ։
Որոշման նպատակն է երախտագիտության և հարգանքի խորհրդանշական դրսևորում ցուցաբերել այդ անձանց նկատմամբ, որոնք կյանքի մեկ դարը նվիրել են իրենց ընտանիքին, պետությանը, հայրենիքին, աշխատանքին ու հանրությանը։
Այս միանվագ գումարն անձը չի ստանա, եթե կորցրել է կենսաթոշակ ստանալու իրավունքը, գումարը չի վճարվի նաև նրա մահվան դեպքում։ Միանվագ գումար չի տրվի նաև այն անձանց, որոնք Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են այս աջակցությունը։

