Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև հաստատված համագործակցության շրջանակում կյանքի կոչված ծրագրերից ևս մեկն արդեն գործում է, հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Այսօրվանից Գորիսի Ակներ բնակավայրից իր աշխատանքն սկսեց մանկական ատամնաբուժական շարժական կլինիկան։ «Ատամնաբուսը» կշրջի Սյունիքի գյուղերում՝ բերանի խոռոչի անվճար խնամք և բուժում ապահովելով երեխաների համար։
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր ծրագրի պատասխանատուների հետ հանդիպումից հետո տեղում ծանոթացել է շարժական կլինիկայի աշխատանքներին։
Ավտոբուսն իրական շարժական ատամնաբուժարան է՝ հագեցած ատամնաբուժական բազկաթոռով, ախտահանիչ համակարգերով, ախտորոշման սարքավորումներով և կանխարգելման գոտով։ Այն թույլ կտա տեղում բուժել երեխաներին այն վայրերում, որտեղ բուժօգնություն ստանալը դժվար է։ Սակայն ծրագիրը միայն բուժմամբ չի սահմանափակվի․ մասնագետները կիրականացնեն կանխարգելիչ արշավներ, բերանի խոռոչի հիգիենայի ուսուցում և բնակչության հետ երկարաժամկետ իրազեկման աշխատանք։
Կազմակերպությունը նախապես կհրապարակի գյուղեր այցելելու ժամանակացույցը։

