Հայաստանում Նիպահ վիրուսով հարուցված հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են. ՀՎԿԱԿ

Նիպահ վիրուսով հարուցված հիվանդությունը նոր ի հայտ եկող զոոնոզ (մարդու և կենդանիների համար ընդհանուր) վարակ է: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից՝ հղում անելով ԱՀԿ-ին:

«Վարակի հիմնական աղբյուր հանդիսանում են չղջիկները և խոզերը։

Մարդը կարող է վարակվել մրգակեր չղջիկների թքով և մեզով աղտոտված մրգերի և արմավենու հյութ օգտագործելիս, ինչպես նաև վարակված կենդանիների, մասնավորապես՝ խոզերին խնամելիս և կենդանական ծագման հումքի հետ շփելիս։

Հնարավոր է նաև վարակի փոխանցումը մարդուց մարդուն՝ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում։

Վերջին տարիներին մարդկանց շրջանում հիվանդության բռնկումներ են արձանագրվել Մալազիայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։

Վարակի տարածման առումով բարձ ռիսկային երկրներ են համարվում՝ Քամբոջան, Գանան, Ինդոնեզիան, Մադագասկարը, Ֆիլիպինները, Թայլանդը։

Հիվանդության գաղտնի շրջանը հիմնականում տևում է 4-14 օր: Հիվանդությունը կարող է ընթանալ տարբեր ձևերով.

– անախտանիշ.

– սուր շնչառական հիվանդություններին բնորոշ ախտանշաններով.

– էնցեֆալիտներով.

– տարբեր նյարդաբանական խանգարումներով։

Վարակումից խուսափելու համար խորհուրդ է տրվում.

1. Օգտագործելուց առաջ լավ լվանալ մրգերը, չօգտագործել թերի ջերմային մշակում անցած արմավենու հյութ:

2. Օգտագործել միայն բավարար ջերմային մշակում անցած կենդանական ծագման սննդամթերք:

3. Խուսափել հիվանդ մարդկանց հետ սերտ շփումից:

4. Պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

5. Կենդանիներին խնամելիս օգտագործել անձնական պաշտպանիչ միջոցներ:

Հաշվի առնելով, որ ՀՀ տարարծքում վարակի հիմնական փոխանցող մրգակեր չղջիկները տարածված չեն՝ հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են»,- ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print