Կառավարությունը հունվարի 28-ի նիստում հավանություն է տվել «Հայաստան – Դիմակայուն Սյունիք» (RESYP) ծրագրի շրջանակում ջրամատակարարման բաղադրիչի նախապատրաստման խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ համագործակցության հուշագրին։
Հուշագիրը կկնքվի Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՏԿԵՆ ջրային կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև։ Ծրագրի նպատակն է Սյունիքի մարզում խմելու ջրամատակարարման համակարգերի բարելավումը՝ ապահովելով բնակչության համար հուսալի և անվտանգ ջրի հասանելիություն։
ԵՆԲ-ի տեխնիկական աջակցության միջոցով կպատրաստվեն ջրամատակարարման ներդրումային ծրագրեր և ծախսերի գնահատումներ՝ ԵՆԲ չափորոշիչներին համապատասխան։ Ուսումնասիրվելու են Սյունիքի մարզի նախապես ընտրված 55 բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը, և կմշակվեն իրագործելի բնակավայրերի ջրամատակարարման նոր կամ վերականգնվող սխեմաներ։
Ծրագիրը միտված է Սյունիքի համայնքների սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացմանը, տեղահանված ընտանիքների ինտեգրմանը և ենթակառուցվածքների զարգացման միջոցով կայուն տնտեսական աճի խթանմանը։
Խմելու ջրի բաղադրիչը RESYP ծրագրի երեք հիմնական բաղադրիչներից մեկն է և կկազմի ծրագրի ընդհանուր՝ 50 մլն եվրո արժողության մոտ կեսը՝ 25 մլն եվրո, որն ուղղվելու է հենց Սյունիքի մարզի ջրամատակարարման խնդիրների լուծմանը։

