Իրանում շարունակվող համազգային բողոքի ցույցերի ընթացքում անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա, ինչի հետևանքով զոհերի թիվը, ըստ «Իրանի մարդու իրավունքի» կենտրոն իրավապաշտպան կազմակերպության, հասնում է առնվազն 648-ի, որոնց թվում կան նաև անչափահասներ։
Հունվարի 8-ից Իրանում ինտերնետն անջատված է, տեղեկատվական հասանելիությունը՝ սահմանափակ։
BBC-ի հետ զրույցում բազմաթիվ ականատեսներ հայտնել են, որ ուժային կառույցները, ներառյալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և «Բասիջ» ջոկատները, կիրառել են ավտոմատ զենք և կրակել ոչ միայն ցուցարարների, այլև խաղաղ բնակիչների վրա։
Իշխանությունները անջատել են ինտերնետը և հրաժարվում են հրապարակել պաշտոնական տվյալներ զոհերի մասին՝ բողոքները որակելով որպես «ահաբեկչական գործողություններ», մինչդեռ հիվանդանոցներն ու դիահերձարանները, ըստ բժիշկների և աղբյուրների, լցված են զոհերով և վիրավորներով։

