Խոշոր ավտովթար Վայոց ձորում. 1,5 ժամ է պահանջվել վարորդին մեքենայից դուրս բերելու համար

Հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12:10-ի սահմաններում «DONGFENG» մակնիշի՝ ավազով բարձված բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Ելփին բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել հրշեջ-փրկարարներն ու «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Փրկարարներից մոտ 1.5 ժամ է պահանջվել, մինչև ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Այդ ընթացքում էլ շտապօգնության բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print