Մենք Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կապսի ջրամբարի կառուցման հետևանքով մինչև 2026 թվականի գարուն Շիրակի մարզում նոր գյուղի կառուցման աշխատանքների խախտված ժամկետներին:
«Խոշոր կապիտալ ծրագրերն այդպիսին են. աշխարհի բոլոր երկրներում լինում են դեպքեր, երբ ծրագրերը չեն իրականացվում իրենց ժամկետներում:
Պիտի արձանագրենք, որ դա այն դեպքերից է, երբ չկա մի բան, որ Կառավարությունը պիտի աներ, որպեսզի ծրագիրը հաջողությամբ ընթանար, ու չի արել: Կան պատճառներ: Մեր կապալառու գործընկերը պարզապես իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել, և նրա հետ պայմանագիրը խզվել է: Կփնտրենք նոր գործընկեր, որը ծրագիրը կիրականացնի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Կապսի ջրամբարի կառուցման պատճառով Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի մի հատվածը պետք է հայտնվի ջրի ծածկույթի տակ, բնակչության վերաբնակեցման համար նոր գյուղ պետք է կառուցվի:

