Բաքվում ընթացող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքով նախատեսված խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և ահաբեկչության մեջ մեղադրվող գործով դատավարության ժամանակ պետական մեղադրողը միջնորդել է նրան ցմահ ազատազրկման դատապարտել։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները
Վարդանյանը մեղադրվում է հետևյալ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ՝ 100 (ագրեսիվ պատերազմի պլանավորում և վարում), 107 (բնակչության տեղահանություն կամ բռնի տեղափոխում), 109 (հալածանք), 112 (ազատությունից զրկում՝ միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ), 113 (խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համակցության ստեղծում), 228 (զենքի, դրա բաղկացուցիչ մասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, իրացում, պահպանում, փոխադրում կամ կրում), 270-1 (ավիացիայի անվտանգությանը սպառնացող վտանգներ), 278 (իշխանության բռնի զավթում կամ պահում, սահմանադրական կարգի բռնի փոփոխում), 279 (օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում), 318 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) և Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։

