Ջրի խնդիրը Ադրբեջանում

Ջրի սակավության և դրանով պայմանավորված իրավիճակի հետագա վատթարացման մասին Ադբեջանում խոսվել է դեռևս 1990-ական թվականներից։ Որպես եղածի հետևանք՝ ընդգծվել են խորհրդային համակարգի փլուզումն ու հատկապես Արցախյան առաջին պատերազմի արդյունքները։ Հավանաբար, հաշվի առնելով արտասահմանյան մասնագետների տարբեր կանխատեսումները՝ 2013 թվականին Ադրբեջանի նախագահը նշել էր, որ Արաքս, Կուր և Սամուր գետերն Ադրբեջանի տարածքում չեն սկիզբ առնում, ինչը «ռազմավարական խնդիր է և ջրային անվտանգության սպառնալիք»:

Սամուրը սահմանային գետ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։ Գետի գետաբերանի հետ կապված սահմանային բազմաթիվ խնդիրների մասին ադրբեջանական կողմը պարբերաբար ակնարկել է ՌԴ-ին։ Արդյունքում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2013 թվականին ստորագրվել է համաձայնագիր, ինչից հետո Ադրբեջանն առժամանակ ձեռնպահ է մնացել սահմանամերձ և գետափին գտնվող գյուղերի նկատմամբ հավակնություններ ներկայացնելուց, իսկ ռուսական կողմը չի առարկել գետից դեպի Բաքու խմելու և ոռոգման ջրի տեղափոխման համար նախատեսված Տախտաքյորփուի ջրանցքի գործարկմանը:

Ադրբեջանը չհայտարարված ջրային խնդիրներ ունի նաև Թուրքիայի հետ։ Վերջինս վարած ջրային քաղաքականությունը ենթադրում է Թուրքիայից դեպի հարևան երկրներ հոսող ջրային պաշարների հոսքի նվազեցում՝ ջրի մեծ ծավալների ամբարման միջոցով։ Կուր և Արաքս գետերի վրա խոշոր ջրամբարներ կառուցելու թուրքական ծրագրերի մասին հայտնի էր դեռևս 2010 թվականից: Թուրքիան մտադրվել էր անգամ փոխել Կուր գետի հունը՝ կառուցվելիք նոր ջրանցքով ու Ճորոխ գետով ջուրն ուղղելով դեպի Սև ծով: Սակայն, Ադրբեջանի՝ խմելու և ոռոգման ջրի հիմնական աղբյուր հանդիսացող Կուր գետի հետագա ցամաքեցման թուրքական ծրագրերն ադրբեջանական տիրույթում այդպես էլ քննադատության չեն արժանացել։

Ադրբեջանցի մերձիշխանական որոշ բնապահպաններ, հատկապես 2020 թվականից հետո, Կուր գետի մակարդակի աննախադեպ անկման պարագայում նույնիսկ, շարունակել են արդարացնել Թուրքիային: Ու թեև գետի հունը չի փոխվել, բայց թուրքական իշխանությունները ոռոգման և էներգետիկ նպատակներով Կուրի վրա մի շարք ջրամբարներ են կառուցել՝ նվազեցնելով գետի մակարդակը։ Կարսի նահանգի Սարիղամիշ, Քարաքուրթի և Իգդիրի նահանգի Թուզլուջա (Կողբ) շրջաններում՝ Արաքս գետի վրա, կառուցված 2 խոշոր ջրամբարներն էլ էականորեն կրճատել են Արաքսի հոսքը։

Ադրբեջանը սովորաբար Հայաստանին ու Վրաստանին է մեղադրել խմելու և ոռոգման ջրի հիմնական աղբյուր հանդիսացող Կուր գետն աղտոտելու համար: Ադրբեջանի խորհրդարանի Բնական պաշարների, էներգետիկայի և էկոլոգիայի հարցերով կոմիտեի նախագահ Սադիք Գուրբանովի պնդմամբ՝ Կուր գետն Ադրբեջան է մուտք գործում արդեն աղտոտված վիճակում: Ադրբեջանական կողմը Վրաստանից դժգոհել է նաև Ալազան (Գանըխ) գետից ավելի շատ ջրառ իրականացնելու համար։

Հայաստանին Բաքուն անհիմն մեղադրել է Ալավերդիի պղնձամոլիբդենային կոմբինատով Կուրի վտակ Դեբեդ գետն, ինչպես նաև՝ Մեծամորի ԱԷԿ-ից, Արարատի մարզի արտադրական օբյեկտներից և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատից Արաքս գետն ու նրա վտակներն աղտոտելու, սահմանված չափից ավելի ջրառ իրականացնելու համար: Ադրբեջանական զեկույցների համաձայն՝ աղտոտման հետևանքով Արաքսում պղնձի, մոլիբդենի և այլ ծանր մետաղների քանակության նորման գերազանցում է 100 անգամ, ինչի հետևանքով ոչնչանում է գետի միկրոֆլորան և ֆաունան, իսկ բացասական ազդեցությունն անդրադառնում է բնակչության առողջության վրա:

Ջրային պաշարների շահարկմամբ Արցախի հարցի «լուծման» ադրբեջանական պետական քաղաքականության սկիզբը կարող ենք համարել 2012 թվականը, երբ Բաքուն սկսել էր ակտիվորեն առաջ մղել հակահայկական «ջրային» քարոզչությունը: Վերջինս հայկական կողմին մեղադրել էր Արցախի, Տավուշի ու Սյունիքի հատվածներում ջրային ռեսուրսները դեպի Ադրբեջան «արգելափակելու», ադրբեջանական բնակավայրերն «առանց ջրի թողնելու» և, որ առավել ուշագրավ է, Սևանա լիճը «միայնակ օգտագործելու» համար։

Ջրի խնդիրը, Բաքվի կողմից «գեղեցիկ փաթեթավորմամբ» մատուցված այս կեղծ մեղադրանքները, ցավոք, երկրագնդի ճակատագրով մտահոգ և կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների մեղմմանն ուղղված նախաձեռնությունները ողջունող միջազգային հանրության շրջանում որոշակի ըմբռնում են ունեցել։

Արդյունքում՝ 2016 թվականի հունվարի 26-ին՝ Ապրիլյան քառօրյա պատերազմին «ընդառաջ», Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թիվ 2085 բանաձևը։ Դրա 5-րդ կետով հղում էր արվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2014 թվականի մայիսի 20-ի հայտարարությանը, որով համանախագահները հույս էին հայտնել, թե «կողմերը համաձայնության կգան՝ համատեղ կառավարելու ջրային ռեսուրսները՝ ի շահ տարածաշրջանի»։ Նշված էր նաև, որ Սարսանգի ջրամբարը վթարային վիճակում է և սպառնալիք է ադրբեջանական բնակավայրերին: Հայաստանին կոչ էին արել զինված ուժերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, ուսումնասիրություններ կատարելու համար չխոչընդոտել անկախ ինժեներների և հիդրոլոգների մուտքը:

Ըստ էության՝ Բաքուն այս փաստաթուղթը կիրառել է որպես Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի արդարացում և հաջողությամբ «ներգրավել» բանակցային գործընթացին։ Այն նոր թափ է հաղորդել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից Սարսանգի, Մատաղիսի և Արցախի մյուս ջրային պաշարների հարցի շահարկմանը: Հայտնվել են հրապարակումներ այն մասին, իբր թե «1994 թվականի հրադադարով Ադրբեջանը ոչ միայն տարածքներ է կորցրել, այլև՝ ջրային պաշարներ, այդ թվում՝ 1976 թվականին կառուցված և 560 մլն մ3 ծավալով ջրամբարը, որը վերահսկում են հայ անջատողականները՝ ջրազրկելով ադրբեջանական Թարթառի և հարակից շրջանները (շուրջ 480 հազար բնակչություն)»:

2016 թվականի բանաձևը, փաստորեն, Ադրբեջանին իրավունք է տվել Հայաստանը համարել ագրեսոր (ռազմական և «էկոլոգիական» իմաստներով), որով էլ «արդարացրել է» իր հետագա հարձակումները։ Բացի այդ՝ ադրբեջանական իշխանությունները սեփական հանրությանը սնել են «ադրբեջանցիները ջուր չունեն, քանի որ հայերն են փակել ջրի հոսքը» ստերով։

Իրանի հետ ջրային հարաբերությունները Ադրբեջանի կողմից նույնպես քաղաքականացված են։ Դեռևս 2016 թվականի փետրվարին Ադրբեջանի և Իրանի միջև կնքվել էր համաձայնագիր՝ Խուդաֆերինի ջրամբարի (այն ադրբեջանական վերահսկողությանն է անցել միայն 2020 թվականի Արցախի դեմ պատերազմի ընթացքում) համատեղ շահագործման վերաբերյալ։ Դրա համաձայն՝ Իրանը կապահովեր հիդրոհանգույցների ու հիդրոէլեկտրակայանների շինարարության ավարտը, ջրային ու էներգետիկ ռեսուրսների պահպանումն ու շահագործումը՝ մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։

2020 թվականից ջրի խնդիրն Ադրբեջանում դարձել է իշխանությունների օրակարգի հիմնական թեմաներից: Ադրբեջանական մամուլը 2020 թվականի ամռան ամիսներին հեղեղվել էր ջրի սակավության մասին լուրերով: Դժգոհությունները ոչ միայն գյուղատնտեսական շրջաններում էին, այլև՝ Ապշերոնում։ Լարվածությունը մեղմելու նպատակով խորհրդարանում նույնիսկ լսումներ էին նախաձեռնվել։ Մասնակիցները շեշտել էին, որ Ադրբեջանը ջրային պաշարների առումով Կովկասում ամենավատ վիճակում է, ինչի պատճառը ջրի աղբյուրների աշխարհագրական տեղադիրքն է, դրանց բաշխվածությունն ու ջրի հիմնական պաշար հանդիսացող գետերի աղտոտվածությունը: Այս առումով՝ Բաքուն պաշտոնապես դիմել էր իրանական կողմին՝ նրա տարածքում ջրառը նվազեցնելու, Արաքսի ջրամբարի թողքն ավելացնելու առաջարկով։ Թեհրանը դրական էր արձագանքել՝ որոշակիորեն մեղմելով Ադրբեջանի դժգոհությունները:

24News

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print