Կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025 թվականին կուղղվի ավելի քան 10 մլրդ դրամ։ Կառավարության նիստին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ պլանավորված էր շուրջ 8 մլրդ 673 մլն 771 հազար 400 դրամ, սակայն իրենք այժմ առաջարկում են այդ գումարն ավելացնել ևս շուրջ 2,16 մլրդ դրամով։
«2018 թվականից ի վեր ուսուցիչների ֆոնդն էլ զգալիորեն աճել է 2025 թվականի նկատմամբ, և միայն ուսուցիչների վարձատրության ֆոնդը 37 մլրդ դրամով աճ է գրանցել 2018-ի համեմատությամբ, ինչը նշանակում է, որ 67 տոկոս աճ ունենք 2018-ի նկատմամբ: Միայն կամավոր ատեստավորման համակարգը 10 մլրդ դրամ հատկացում է ստանում այս տարի»,- ասաց նախարարը:
Ժաննա Ադրեասյանի խոսքով, 2026թ. պետբյուջեով արդեն միայն ուսուցիչների խրախուսման ծրագրերին ավելի քան 20 մլրդ դրամ է հատկացվելու. այս գումարը հաշվարկված է առանց աշխատավարձային ֆոնդի։
«Հետագա փուլերում ուսուցիչներն ատեստավորման միջոցով իրենց աշխատավարձն ավելացնելու հնարավորություն կունենան։ Մենք ուսուցիչների աշխատավարձերը հետ իջեցնելու պլաններ չունենք, ուղղակի բացառում եմ դա»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

