Անկանխիկ գնումների դեպքում թոշակառուների հետվճարը կդառնա 20 տոկոս՝ 6000-ից հասնելով 10 000 դրամի

ՀՀ–ում անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուների հետվճարը 2026 թ. հունվարի 1–ից 12 տոկոսի փոխարեն կդառնա 20 տոկոս, իսկ առավելագույն չափը 6000 դրամից կդառնա 10 000 դրամ։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ միայն 2025 թ. հոկտեմբերին այս ծրագրի շահառուների թիվը կազմել է 366 432` նախորդ ամսվա համեմատ աճը կազմել է 3.6 տոկոս, իսկ անկանխիկ գործարքների հանրագումարը կազմել է 14 մլրդ 768 մլն դրամ, որի դեպքում աճը կազմել է 6.9 տոկոս։

Հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարողների կենսաթոշակների չափը 2026 թվականին կավելանա 3000-4000 դրամով։ Այդ նպատակի համար հարկ կլինի 2026 թվականին լրացուցիչ հատկացնել շուրջ 14 մլրդ դրամ:

«Միայն 2025-ի հոկտեմբերի տվյալների համաձայն՝ հետևյալ պատկերն ունենք. ծրագրի շահառուների թիվը 366 հազար 432 է, աճը նախորդ ամսվա համեմատությամբ 3,6 տոկոս է, այսինքն՝ մենք տեսնում ենք աճի տենդենց: Շահառուից ստացած հետվճարի միջին չափը 4157 դրամ է, աճը՝ 2,8 տոկոս, ստացված հետվճարի ծավալը 1 մլրդ 523 մլն դրամ է, աճը՝ 6,5 տոկոս»,- ասաց նախարարը՝ նշելով, որ խոսքը հոկտեմբերի տվյալների մասին է:

Ըստ Թորոսյանի՝ նոյեմբերի ցուցակներով կենսաթոշակ և նպաստ ստացող շահառուների թիվը կազմել է 661 հազար 811, որից 600 հազար 126-ը կենսաթոշակը կամ նպաստը ստանում են անկանխիկ եղանակով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print