Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքում կարևոր է Ամուլսարի հանքավայրի գործարկումը․ փորձագետ

Համաշխարհային բանկի փորձագետները եզրակացրել են, որ Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված է ծառայությունների և շինարարության ոլորտների աճով։ Նրանք միաժամանակ նկատել են, որ ավելացել են նաև առևտրի ծավալները, բայց արդյունաբերական թողարկման ծավալը կրճատվել է մոտ 5 %-ով։ Սա տեղի է ունեցել մշակող արդյունաբերության շուրջ 10 % կրճատման հաշվին։ Զգալի ակտիվություն է նկատվել հանքարդյունաբերության ոլորտում։ Բանկի փորձագետները առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքում կարևորել են Ամուլսարի հանքավայրի գործարկումը:

Տնտեսական աճի թուլացում՝ համաշխարհային անորոշություններով պայմանավորված։ ՀԲ-ն առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսական աճի՝ մինչև 5,2 % դանդաղում է կանխատեսում։ ՀԲ փորձագետները նշում են, որ կանխատեսված ցուցանիշը մոտ է Հայաստանի կառավարության՝ 2026-2028 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագիր ներառված ցուցանիշին։

Մասնագետներն ակնկալում են, որ տնտեսական աճը միջնաժամկետ կտրվածքում կկազմի 5,3 %, հիմնվելով կայուն կապիտալ ծախսերի, Ամուլսարի ոսկու հանքավայրի գործունեության մեկնարկի, Սոթքի հանքավայրի արտադրողականության աճի սպասումների վրա։ ՀԲ ավագ տնտեսագետ Վիկի Չեմութայը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ տվյալները ներառում են մինչև այս տարվա օգոստոսը․

«Ելնելով այդ տվյալներից՝ կանխատեսում ենք, որ 2025-ին Հայաստանի տնտեսական աճը 5,2 % կկազմի։ 2026-ին այն կնվազի՝ 4,9 %։ Աճի, այսպես ասենք, սառեցում ենք կանխատեսում»։

ՀԲ փորձագետները արձանագրել են՝ Հայաստանի տնտեսական աճն ապահովվել է մասնավոր սպառման հաշվին։ Արտահանման ու ներմուծման ծավալները նվազել են, օտարերկրյա ներդրումները՝ նույնպես, մոտենալով պատմական նվազագույնին՝ 2024-ին կազմելով ՀՆԱ 0,3 %-ը։ 2025-ի առաջին կեսին ներդրումները փոքր-ինչ ավելացել են՝ հասնելով ՀՆԱ 0,5 %-ին։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցի՝ Հայաստանում 2025-ին կանխատեսվում է 4,8 %, իսկ 2026–ին՝ 4,9 % տնտեսական աճ։ Ընդ որում ՀԲ և ԱՄՀ սպասումները նույնն են 2026-ի համար։ 2025-ի տնտեսական աճի կանխատեսումները համեստ են, բայց ոչ հաջորդ տարվա ակնկալիքի նման։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը բացատրում է, թե ինչու են փոխվել տնտեսական աճի ցուցանիշները․

«Հայկական ծագման ապրանքների աճի տեմպը արդյունաբերության մեջ 13 % է։ Մինուսը նախկինում վերարտահանման բացասական հետևանքն է։ Սա հաստատում է նաև այն, որ 2024-ի վերջից արդեն տնտեսությանը տրվող վարկերի ծավալն է էականորեն աճել»։

Տնտեսագետ Սոս Խաչիկյանը հատկանշական է համարում այն, որ հակառակ արդյունաբերության ոլորտի դանդաղ աճին՝ տնտեսական ցուցանիշները բարձր են․

«Տնտեսական աճը հիմնականում ապահովում են առևտուրն ու ծառայությունները․ առևտրի աճը պայմանավորված է այս ժամանակահատվածով, երբ ցուցանիշները միշտ բարձր են։ Բայց ընդհանուր տվյալները վկայում են, որ կենտրոնացել են ծառայությունների ոլորտի վրա»։

ՀԲ փորձագետները, հակառակ վտանգներին՝ անորոշությանն ու տնտեսական աճի դանդաղելուն, դրական են համարում Հայաստանի՝ հարևանների հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման ջանքերը։ 2025 թ․ օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը ՀԲ-ն գնահատել է որպես տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու և պատմական խաղաղության հասնելու քայլ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print