Վրաստանում օտարերկրացիները պետական լեզվի քննություն կտան

Վրաստանի կառավարության որոշմամբ, 2026 թվականին, առաջին անգամ երկրի կրթական համակարգի պատմության մեջ, կանցկացվի պետական լեզվի քննություն։ Քննության համար գրանցումը կսկսվի նոյեմբերի 24-ին և կավարտվի դեկտեմբերի 1-ին, հայտարարել է կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն նախարարությունում կայացած ճեպազրույցում, հայտնում է Georgia Online-ը։

Ըստ Գիվի Միկանաձե, աշխարհի պետությունների մեծ մասում անցկացվում են պետական լեզվի քննություններ, որոնց արդյունքներով քննություն հանձնողը ստանում է տվյալ երկրի կողմից ճանաչված լեզվի տիրապետման համապատասխան սերտիֆիկատ։

Սա հատկապես կարևոր է օտարերկրյա ուսանողների, պետական ծառայության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիների, արտերկրում բնակվող վրացիների, ինչպես նաև բիզնես ոլորտում ներգրավված ոչ վրացախոս կադրերի համար։

«Պետական լեզվի քննությունը կարևոր է վրացերենի՝ որպես պետական լեզվի կարգավիճակի ամրապնդման և նրա գործառույթի ընդլայնման համար։ Հենց այս նպատակով, պետական լեզվի ռազմավարության 2023–2024 թվականների միջոցառումների ծրագրի համաձայն, Ազգային գնահատման և քննությունների կենտրոնը պատրաստել է քննություն, որը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Այս պահից սկսած պետական լեզվի քննությունը կանցկացվի տարվա ընթացքում մի քանի անգամ և հնարավորություն կտա ստուգել չորս հմտություն՝ լսում, ընթերցում, գրավոր և բանավոր։ Ներկայումս նախատեսվում է անցկացնել երկու տարբեր բարդության թեստավորում․ առաջինը կսահմանի վրացերենի տիրապետման մակարդակը A1 և A2, երկրորդը՝ B1 և B2։ Կոնկրետ մակարդակը կսահմանվի՝ կախված թեկնածուի հավաքած միավորներից։

2030 թվականից, A1, A2, B1 և B2 մակարդակների հետ միասին, նախատեսվում է անցկացնել նաև C1 և C2 մակարդակների քննություններ, և այս ուղղությամբ աշխատանքներն արդեն ակտիվորեն ընթանում են», — նշել է նախարարը։

Գիվի Միկանաձեն նշել է, որ վրացերենի քննության համար գրանցումը հնարավոր կլինի միայն էլեկտրոնային եղանակով՝ Ազգային գնահատման և քննությունների կենտրոնի գրանցման էջում՝ online.naec.ge։

Թույլ տեսողություն ունեցողների և կույրերի համար նախատեսված է Բրայլի համակարգ կամ հատուկ էլեկտրոնային ծրագիր։

Պետական լեզվի տիրապետման մակարդակը հաստատող փաստաթուղթը կտրվի Պետական լեզվի դեպարտամենտի կողմից՝ քննության արդյունքների հիման վրա։

Ազգային գնահատման և քննությունների կենտրոնում քննության թեստի մշակման աշխատանքները կատարվել են մի քանի փուլով․ նախ ամբողջ Վրաստանի տարածքում փորձարկվել են առանձին հմտությունները ստուգող առաջադրանքներ, ապա հոգեմետրիկ վերլուծության և փորձագետների գնահատման հիման վրա ստեղծվել է թեստային առաջադրանքների բանկ և մշակվել քննության ձևաչափը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print