Կառավարությունը ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդի բաժինը ձեռք բերելու մասին որոշում կայացրեց

Կառավարությունը նոյեմբերի 20–ի նիստում Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդի (հիմնադրամի) փայը ձեռք բերելու մասին որոշում կայացրեց։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում երկրորդ ծրագիրը, որի շրջանակներում պետությունն ուղղակի մասնակցում է «Ամբեր Կապիտալ Արմենիա» ընկերության կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամին» (այսուհետ՝ Ֆոնդ)՝ 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր գումարով՝ Ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։

Ֆոնդի հիմնական նպատակներից մեկն է ստեղծել նախադեպ՝ նման ֆոնդերի և հիմնադրամների գործունեության համար, որն իր հերթին կնպաստի կապիտալի շուկայի զարգացմանը և ՀՀ տնտեսությունում այլընտրանքային ֆինանսական գործիքների ձևավորմանը, ինչպես նաև ընդհանուր կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացմանը:

Ֆոնդն իր  գործունեությունը սկսել է 2020 թվականի հունվարից։ Ֆոնդի ներդրողներից են այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը  և Եվրոպական միությունը, կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, Նիդեռլանդների զարգացման բանկը և այլն։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ֆոնդին միացել է 2021 թվականին։ ՀՀ կառավարությունը պարտավորվել է ֆոնդում ներդնել ընդհանուր 3 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար։

Հայաստանի կառավարության կողմից ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել երեք մասնաբաժնով՝ յուրաքանչյուրը մինչև 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով։

31․10․2025թ․ դրությամբ Կառավարության կողմից Ֆոնդին փաստացի փոխանցվել է ընդհանուր 1,953,501 ԱՄՆ դոլար գումար։ Հետևաբար հաշվի առնելով, որ արդեն իսկ ձեռքբերված փայերի գումարը մոտենում է 2 մլն ԱՄՆ դոլարին և ֆոնդի կողմից ներկայացվել և Կառավարության կողմից դեռևս չի վճարվել ընդհանուր 119,041․98 ԱՄՆ դոլարի չափովգումար՝ Ֆոնդի փայերի հաջորդիվ ձեռքբերումը Որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն կարող է կատարվել միայն Կառավարության որոշման հիման վրա։

Ներկայացվող նախագծով առաջարկվում է նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով ձեռք բերել ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդի (հիմնադրամի) հաջորդ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի փայերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print