TRIPP նախագիծը մեկնարկել է, ստեղծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքում, և առաջին գործողությունը, որը մենք կանենք և մենք հիմա աշխատում ենք դրա վրա, որը նաև պիտի ցույց տա, թե ինչպես է իրականացվելու նախագիծը, այսպես ասած՝ կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է: Այս մասին նոյեմբերի 14-ին տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ հիշեցնել, որ այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է: Հաջորդիվ ի՞նչ է տեղի ունենալու. հաջորդիվ տեղի է ունենալու Հայաստանի և Միացյալ Նահանգների կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծում, որը հենց կլինի TRIPP ընկերություն կամ TRIPP գործընկերություն: Անվան վերջնականացումն ընթացքի մեջ է, այն կլինի Հայաստան-Միացյալ Նահանգներ համատեղ հիմնադրված ընկերություն, և կլինի տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը:
Տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն Հայաստանը և Միացյալ Նահանգները, և, իհարկե, տնօրենների խորհրդում բաշխվածությունը կախված կլինի նաև մասնաբաժիններից, որի շուրջ ներկայումս քննարկումներ են տեղի ունենում:
Բայց կարևոր է արձանագրել, որ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք: Սա շատ կարևոր ըմբռնում է և շատ կարևոր արձանագրում»,-նշեց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ նախագիծն ունենալու է զարգացման մի քանի ուղղություն՝ երկաթուղի, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, որի մեջ կարող են լինել գազամուղ, նավթամուղ, մալուխներ, նաև՝ տրանսպորտային այլ հաղորդակցություններ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։

