Չինաստանի հազվագյուտ մետաղներից ԵՄ կախվածությունը սպառնալիք է ստեղծում նրա վերազինման համար․ NYT

ԵՄ երկրների կախվածությունը Չինաստանի հազվագյուտ մետաղներից վտանգում է նրանց ռազմական վերազինման ծրագրերը։ Այս մասին տեղեկացրել է The New York Times (NYT) թերթը:

«Կրիտիկականորեն կարեւոր հանքանյութերի հոսքի բացակայության դեպքում վերազինման մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասել է ԵՄ անվտանգության հետազոտությունների ինստիտուտի մասնագետ Յորիս Թեերը:

Պարբերականը նշել է, որ Չինաստանի գերիշխանությունը հազվագյուտ մետաղների շուկայում, որն անհրաժեշտ է F-35 կործանիչների, անօդաչու թռչող սարքերի, սուզանավերի եւ Tomahawk հրթիռների արտադրության համար, Պեկինին հզոր լծակներ է տալիս: Այս ռեսուրսների արտահանման սահմանափակումներն արդեն հանգեցրել են դեֆիցիտի եւ գների աճի, ինչն անմիջականորեն սպառնում է եվրոպական երկրների պաշտպանական ծրագրերին:

Ինչպես հաղորդել է NYT-ը, Եվրոպան գրեթե ամբողջությամբ կախված է Չինաստանի հազվագյուտ մետաղներից, որոնք կազմում են ներմուծման 98 տոկոսը: ԵՄ-ը փորձում է շտկել այս իրավիճակը եւ 2024թ․ օրենք է ընդունել իր սեփական հազվագյուտ մետաղների հանքարդյունահանումը ստեղծելու մասին, սակայն այն չի կարողանա արագ փոխարինել չինական մատակարարումներին: Վերլուծաբանների գնահատմամբ՝ կախվածության լիակատար վերացումը կտեւի 8-12 տարի:

Պարբերականը դիսպրոզիումը եւ սամարիումը անվանում է հիմնական պաշտպանական նյութեր, որոնց համար Արեւմուտքը դժվարություններ կունենա Չինաստանից դուրս այլընտրանքներ գտնելու հարցում: Առաջինն օգտագործվում է անօդաչու թռչող սարքերի շարժիչներում, երկրորդը՝ ռազմական կիրառություններում բարձր ջերմաստիճաններին դիմակայման մագնիսների արտադրության մեջ։

Հոկտեմբերի 25-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է նոր նախաձեռնության մասին՝ Չինաստանից եկող կարեւորագույն հումքից ԵՄ կախվածությունը նվազեցնելու համար: Նրա խոսքով՝ Բրյուսելը մտադիր է փոխհատուցել այդ մատակարարումների խափանումները՝ ամրապնդելով կապերը Ավստրալիայի, Ղազախստանի, Կանադայի, Ուզբեկստանի, Ուկրաինայի եւ Չիլիի հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print