Արմեն Ստեփանյան. Էներգախնայող տեխնոլոգիաները կարեւոր են խոշոր բիզնեսի համար

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը Banks.am-ին 

– Պարոն Ստեփանյան, ԶՊՄԿ-ն նոյեմբերի 12-ին կայանալիք Robust Armenia 2025 կոնֆերանսի գործընկերն է: Այս տարի կոնֆերանսն անց է կացվելու «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրի ներքո: Ի՞նչ եք կարծում՝ որքանով են Հայաստանում գիտակցում էներգաարդյունավետության կարեւորությունը:

-Էներգաարդյունավետությունը տարեցտարի ավելի մեծ նշանակություն է ստանում, եւ դա կայուն զարգացման հիմնական բաղադրիչներից մեկն է՝ միաժամանակ նպաստելով տնտեսական, բնապահպանական եւ սոցիալական նպատակների իրականացմանը։ Եթե անդրադառնանք հատկապես հանքարդյունաբերության ոլորտին, ապա այն համարվում է էներգատար ոլորտներից մեկը, եւ էներգաարդյունավետությունն այդ պատճառով այստեղ ունի առանձնահատուկ նշանակություն։ Այլեւս հնարավոր չէ անտեսել էներգիայի օգտագործման արդյունավետության հարցը՝ դրա նշանակության որեւէ առանձին բաղադրիչի առումով։

Օրինակ՝ եթե մի կողմ թողնենք, որ հումքի արդյունահանումը, տեղափոխումը եւ վերամշակումը ինքնին էներգատար են ու կազմում են հանքարդյունաբերական ծրագրերի ծախսերի զգալի մասը, ապա դրանց օպտիմալ օգտագործումը կարեւոր է ոչ միայն տնտեսական, այլեւ բնապահպանական տեսանկյունից։ Նվազեցնելով էներգիայի սպառումը՝ նվազեցնում ենք նաեւ արտանետումների ծավալները, ինչը կարեւոր է բնապահպանական առումով։ Կարելի է բազմաթիվ օրինակներով ցույց տալ էներգաարդյունավետության եւ բնապահպանության կապը։

Կարող եմ ասել, որ, այո, առնվազն խոշոր բիզնեսի համար էներգախնայող տեխնոլոգիաները եւ՛ շահութաբեր են, եւ՛ կարեւոր՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու առումով։ Ինչ վերաբերում է հանրության կողմից էներգիայի օգտագործման մշակույթին, ապա այդ ուղղությամբ դեռեւս անհրաժեշտ է շարունակական աշխատանք՝ հանրային մտածողությունը բնական ռեսուրսների օգտագործման հարցում դարձնելու ավելի գիտակցված ու խնայող։

– Եթե խոսենք զուտ ԶՊՄԿ-ի մասին, ապա էներգաարդյունավետության բարձրացմանն ի՞նչ քայլեր են կատարվել ձեռնարկությունում վերջին տարիներին եւ ինչ է նախատեսվում ապագայի համար:

– Բնականաբար, ինչպես արդեն նշեցի, հանքարդյունաբերության մեջ՝ գոնե մեր ընկերության օրինակով խոսելով, կարող եմ ասել, որ վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվում կիրառվող տեխնոլոգիաները ավելի էներգաարդյունավետ տարբերակներով աստիճանաբար փոխարինելու ուղղությամբ։ Մեր կայուն զարգացման ռազմավարության մաս է կազմում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը եւ դրա համար մշակվել են մի քանի ուղղություններով ռազմավարական քայլեր։ Դրանք երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր են, օրինակ՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցման ծրագրերը, ապագայում՝ ավտոպարկի էլեկտրաֆիկացիան, էներգաարդյունավետ այլ տեխնոլոգիաների կիրառումը։ Կարեւոր եմ համարում նման ծրագրերը նաեւ մեր համայնքներում։ Մեր ազդակիր համայնքներից Սյունիք համայնքում ԶՊՄԿ միջոցներով արդեն տեղադրել ենք արեւային ֆոտովոլտային համակարգեր եւ ջրատաքացուցիչներ մոտ 200 ընտանիքի համար, ինչը հսկայական ծավալ է։ 

Սրա հետ մեկտեղ կարեւոր եմ համարում ընդգծել, որ հանքարդյունաբերությունը կանաչ էներգետիկայի անցման հիմքն է, եւ կայուն զարգացման համատեքստում աշխարհում ավելի ու ավելի շատ են կարեւորում ոլորտը։ Շատ երկրներ հանքարդյունաբերությունը եւ մետաղների մատակարարման շղթան ընդգրկում են իրենց կայուն զարգացման եւ էներգետիկ անցման ռազմավարություններում, քանի որ չի կարող լինել էներգետիկա եւ կանաչ անցում առանց մետաղների։ Այդ առումով Հայաստանը ունի չօգտագործված հսկայական պոտենցիալ եւ՛ հանքարդյունաբերության եւ՛ էներգետիկայի բնագավառում։ 

Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print