Փարաքարի համայնքապետի սպանությունը փետրվարին տեղի ունեցած սպանության շարունակությունն է․ նախարար

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկեր՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունը փետրվարին տեղի ունեցած սպանության շարունակությունն է։ Այս մասին, նոյեմբերի 3–ին, ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց  ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Սա հստակ ֆիքսված է»,- ընդգծեց նա։

Նախարարը նաև նշեց. «Ինչքան էլ հանրային տիրույթում անընդհատ ասեն, որ  Փարաքարի համայնքում տեղի ունեցած  իրադարձությունը քաղաքական մոտիվ ունի, քաղաքական իշխանությունն է կազմակերպել, սրանք բոլորը խոսակցություններ են։

Այս խոսակցությունները դառնում են ոչ փաստահեն այն պայմաններում, երբ մենք քրեական վարույթով ունենք անցնող հստակ ապացույցներ, որով հիմնավորվում է  կատարված հանցագործության մոտիվը։ Դա, այո՛, եղել է փետրվարյան հանցագործության շարունակությունը»։

ՆԳ նախարարն ասաց, որ սպանության հիմնական կատարողը բացահայտվել է, անձը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։  Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու  քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն էր, վիրավորում էր ստացել նրանց հետ գտնվող երրորդ անձը՝ Արծրուն Գալստյանը:

Փարաքարի համայնքապետի և նրա ընկերոջ սպանության գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Փետրվարին Մերձավանի նախկին համայնքապետի՝  ՔՊ-ական Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, որը Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբայրն է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print