Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի. Ալեն Սիմոնյան

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին համատեղ Հռչակագիր: Նույն օրը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին նաեւ «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը: Հռչակագրի ընդունումը եւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ազդարարում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ հերթական նստաշրջանի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Չնայած դրան, ըստ Սիմոնյանի, շարունակում են մնալ չլուծված մի շարք մարդասիրական հարցեր։

«Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռեւս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի: Մեկ այլ կարեւոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը»,- ասել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը կաշխատի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ապահովելով «Միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղու»՝ TRIPP նախաձեռնության իրականացումը:

«TRIPP նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից՝ իր հռչակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը: Այն նախատեսում է ինչպես երկաթուղու զարգացում, այնպես էլ մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի եւ կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի ու հարակից երկրների միջեւ»,- հավելել է ԱԺ նախագահը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print