Աշխատանք է տարվում ամեն օր, որը միշտ չէ, որ տեսանելի է․ Արարատ Միրզոյանն անդրադարձել է գերիների հարցին

«Հաստատված խաղաղության պայմաններում կան մի քանի հարցեր, որոնք դեռ լուծման կարիք ունեն, որոնցից առաջնային է Բաքվում պահվող պատանդառված անձանց ազատ արձակման հարցը։ Ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում այս առումով լավ նորություններ կունենանք»,-անդրադառնալով գերիների հարցին ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Աշխատանք է տարվում ամեն օր, որը միշտ չէ, որ տեսանելի է և միշտ չէ, որ արդյունավետ։Բայց մենք աշխատում ենք։ Մենք շարունակում ենք մեր ջանքերը», – նշել է արտաքին գործերի նախարարը՝ հավելելով, որ երեկ Շարմ էլ Շեյխում քննարկել է այդ հարցը իր ադրբեջանցի գործընկերների հետ։

«Հուսանք, որ այս ջանքերը դրական արդյունքներ կտան», – նշել է նախարարը։ Երբ հարցրել են գերիների մասին տեղեկատվության փոխանցմանը երրորդ երկրների ներգրավման մասին, Միրզոյանը նշել է դրա կարևորությունը, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանում ԿԽՄԿ գործունեության դադարեցումը։ «Այս բացը պետք է լրացվի։ Ընդհանուր առմամբ, մեր աշխատանքը չի բացառում երրորդ երկրների հետ շփումները, բայց առաջին հերթին դրանք ադրբեջանական կողմի հետ անմիջական շփումներ են», – հայտարարել է Միրզոյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print