Շաքիի ջրվեժի տարածքում «գենդեր փարթի» կազմակերպողներին կտուգանեն

Շաքիի ջրվեժի տարածքում «գենդեր փարթի» կազմակերպելու համար վարչական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը։

Այս դեպքը կքննվի հանրության ուշադրության ներքո։

Անի Հակոբյանի խոսքով՝ տվյալ դեպքի համար տուգանքը սահմանվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 94-ով՝ «Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնները և ռեժիմը խախտելը»։

«Այս հոդվածով նախատեսվում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով»։

Դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Նշվում է, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ միջոցառման կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր` ինչպես է զույգը «գենդեր փարթի» կազմակերպել հենց Շաքիի ջրվեժում` ջրին խառնելով վարդագույն ներկ։ Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում. մարդիկ մեղադրում են զույգին նման արարքի համար։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ դեպքի հետ կապված բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Ընդգծվում է, որ Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության ջրաերկրաբանական հուշարձան և գտնվում է պետական պահպանության ներքո։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print