ՀՀ Ֆինանսների նախարարը կստորագրի համաձայնագիր, որն ուղղված է Հայաստանում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու կայունությանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանը: Կառավարության՝ սեպտեմբերի 25-ի նիստին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
«Այս բյուջետային ֆինանսավորումը, որը կազմում է 150 մլն եվրո վարկային միջոցներ, բազմամյա ծրագրի երրորդ փուլն է: Այն ունի 2 հիմնական նպատակ, այն է՝ ամրապնդել ֆինանսական կառավարումը՝ մասնավորապես բարելավելով պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը և ցածր ածխածնային ու դիմացկուն տնտեսության անցման պլանավորումը և ֆինանսավորումը»,- ասաց նախարարը:
Առաջին և երկրորդ փուլերն իրականացվել են, համապատասխանաբար, 2022 և 2024 թվականների սեպտեմբերին, իսկ երրորդ փուլը նախատեսվում է իրականացնել այս տարի:
«Կառավարությունը կհաստատի կանաչ և կայուն տնտեսական զարգացման մասին ազգային ռազմավարությունը, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կսահմանի շրջանաձև տնտեսության ներդրման նախադրյալների սահմանման հայեցակարգը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը:
Օրենսդրական փոփոխությունների շարք կիրականացվի, որոնք ՀՀ ԿԲ-ին կտան լիազորություններ ենթաօրենսդրական ակտերի միջոցով սահմանելու ոչ հանրային ֆոնդերի համար նոր կանոններ՝ այդպիսով հնարավորություն տալով հայկական ֆոնդերին, այդ թվում՝ վենչուրային և մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերին, ոչ հանրայինից անցնելու հանրայինին՝ շուկան զարգացնելու համար:
Կթարմացվեն Հայաստանի հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունների ստանդարտները, և կստեղծվի ինստիտուցիոնալ լուծում՝ ապահովելու համար, որ այդպիսի թարմացումները կատարվեն ամեն տարի:
Անվճարունակության ռեժիմն արդիականացնելու և պարտատերերի իրավունքներն ու պաշտպանությունն ուժեղացնելու համար արդարադատության նախարարությունը կներդնի էլեկտրոնային սնանկության համակարգ: Արդարադատության նախարարությունը կհաստատի նոր որոշում էլեկտրոնային սնանկության համակարգի և տվյալների այլ համակարգերի միջև տվյալների համակարգերի փոխանակման, կառավարման, բարելավման համար:
Կարգավորման ազդեցության գնահատումն ավարտելուց հետո Կառավարությունն ԱԺ հաստատմանը կներկայացնի անվճարունակության մասին նոր օրենքի նախագիծը: Մի շարք փոփոխություններով կբարելավվի պետական ձեռնարկությունների կորպորատիվ կառավարումը»։
Վահե Հովհաննիսյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է ԱԶԲ-ի հետ համատեղ, հետևաբար բարեփոխումների շրջանակը ևս նույնական է ԱԶԲ-ի հետ առաջիկայում ստորագրվելիք վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ:

