«Ինչպես խոստացել էինք՝ մինչև տարեվերջ պետք է հայտարարագրման համակարգի բարելավմանը վերաբերող փաթեթ ներկայացնենք, որպեսզի մարդկանց կյանքն ավելի հեշտացնենք՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի հայտարարատու են դառնալու եւս 500 հազար քաղաքացիներ: Հատկապես խոսքս վերաբերում է թոշակառուներին»,- այսօր ԱԺ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ մենք պետք է լուծում առաջարկենք, որ իրենց համար բարդություններ չլինեն: Իմ կարծիքով՝ այդ լուծումն ընդունելի կլինի բոլորի կողմից»,- նշեց պատգամավորը:
Հայտարարագիր լրացնելու վերջնաժամկետ է սահմանված 2025 թվականի նոյեմբերի 1-ը: Մինչև ժամկետի ավարտը հայտարարագիր պետք է լրացնեն վարձու աշխատողները, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները, պետական համայնքային աշխատողները, ծառայողները, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնողները, 1 միլիարդից ավելի համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպությունում մասնակից հանդիսացող քաղաքացիները՝ բաժնետեր, փայատեր կամ անդամ, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքով իրական շահառու համարվողները, 2024 թվականին 20 միլիոն և ավելի փոխառություն ստացածները:

