Արդեն 2 տարի է՝ պեղումներ են իրականացվում Սյունյաց նշանավոր Բաղաբերդ ամրոցում, որը համարվում է Հայաստանում վերջին թագավորանիստ ամրոցը։ Բաղաբերդը պատմական կարևոր իրադարձությունների ականատես է դարձել, ամրոցը նվաճելու համար արյունալի մարտեր են մղվել։
Երբեմնի հզոր ու անառիկ Սյունյաց Բաղաբերդ ամրոցը մի քանի դար լքված ու ավերված է մնացել, մինչև 2024 թվականը, երբ առաջին անգամ այստեղ պեղումներ սկսվեցին։ Դրանց նպատակը ոչ միայն ամրոցի պատմական, մշակութային շերտերի բացահայտումներն էին, այլև վերականգնման նախագծի մշակումը։ Ամրոցն ու բնակատեղին շուրջ 20 հա տարածք են ընդգրկում, պեղումներն իրականացվում են միջնաբերդի հատվածում։ Ի դեպ, միջնաբերդն էլ գրեթե 6 հա տարածք է զբաղեցնում։
Պեղումներն իրականացվում են միջնաբերդի երկու հատվածներում՝ ստորին և վերին բերդահատվածում։ Թեպետ ամրոց-բնակատեղին տարբեր դարաշրջանների հնագիտական շերտեր ունի, բայց այս 2 պեղաշրջանների ընթացքում հնագետները հիմնականում 12-14-րդ դարի շերտին են առնչվում։ Այս տարվա պեղումների մի քանի շաբաթների ընթացքում արդեն խոստումնալի արդյունքներ կան։ Հնագիտական արշավախումբը հյուսիսային աշտարակում հետաքրքիր սենյակ է բացել, որը ենթադրաբար 13-14-րդ դարերում խոհանոցային նշանակություն է ունեցել։
«Այստեղ հայտնաբերեցինք մի շարք առարկաներ, որոնք առնչվում են խոհանոցին՝ օջախ, 3 թոնիր, կարասներ, որոնցից մեկը կոտրված էր, և թափված էին կիսով չափ այրված ցորենի հատիկներ։ Ունենք կուժեր, կճուճներ, նաև այլ սպասքի նմուշներ, օրինակ՝ հախճապակու և ջնարակապատ ամանների բեկորներ, նաև մետաղյա գտածոներ, գամեր, դանակ։ Սենյակից դուրս է գալիս մի միջանցք, որը դարձյալ այս տարվա պեղումներով է բացվել, երկրորդ սենյակն է արդեն նշմարվում»,- ասում է ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախմբի ղեկավար, պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանը։

Ավետիս Գրիգորյան
Արշավախումբը սկսել է ուսումնասիրել աշտարակը նաև արտաքին կողմից, որտեղ մուտք է հայտնաբերվել։ Հնագետները չեն բացառում, որ գործ ունեն գաղտնի սենյակի կամ գաղտնուղու հետ, ինչը բնորոշ է միջնադարյան ամրոցներին, առավել ևս երբ խոսում ենք Բաղաբերդի մասին, որը տարբեր ժամանակաշրջաններում պատմական կարևոր իրադարձությունների ականատես ու թատերաբեմ է եղել։
Պատմիչները բազմաթիվ հիշարժան իրադարձություններ են նկարագրում, հայտնի է, որ հենց այստեղ են Սյունյաց իշխան Անդովկն ու նրա որդի Բաբիկը համառ մարտեր մղել պարսից Շապուհ 2-րդ արքայի բանակների դեմ, առաջին ճակատամարտում էլ հաղթանակ տարել։
Ավելին` այստեղ

