ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Գորիսի բժշկական կենտրոնում աշխատանքային քննարկում է ունեցել, որի ընթացքում քննարկվել է Կաթվածի ազգային ծրագիրն ընդլայնելու հարցը։
«Նախապատրաստվում ենք Սյունիքում հիմնել Կաթվածի կենտրոն` ընդլայնելով Կաթվածի ազգային ծրագիրը: Առցանց եղանակով Կաթվածի խորհուրդի անդամների հետ քննարկել ենք ծրագիրը ներդնելու համար մարզում առկա հնարավորությունները, ինչպես նաև` իրատեսական խնդիրներն ու առաջադրել լուծումներ:
Գիտեք, հատկապես կաթվածի դեպքում ամեն ժամը վճռորոշ կարող է լինել պացիենտի կյանքի համար, ուստի շատ կարևոր է Երևանից հեռու գտնվող Սյունիքի մեր քաղաքացիների համար հասանելի դարձնենք կենսական այս ծրագիրը:
Կաթվածի ազգային ծրագիրը հասցրել ենք ներդնել Երևանում, Գյումրիում, Վանաձորը հեռաբժշկության միջոցով միացել է այս ծրագրին:
Այս մարզերում արդեն ունեցած հաջողված փորձը պետք է ներդնենք նաև մեր այլ մարզերում:
Կյանք փրկող և հաշմանդամությունը կանխող տրոմէկտոմիան և տրոմբոլիտիկ թերապիան պետական պատվերի շրջանակում պետք է հասանելի դառնա մեր քաղաքացիներին հենց իրենց մարզում»,-ասված է նախարարի գրառման մեջ:

