Աշխարհի առաջատար տնտեսագետները Երեւանի գիտաժողովում քննել են գլոբալ մարտահրավերներ

Տնտեսագետների հայկական ասոցիացիայի (ՏՀԱ) 15-րդ տարեկան գիտաժողովն այս տարի միավորել է 100-ից ավելի տնտեսագետների եւ հետազոտողների աշխարհի առաջատար համալսարաններից: Այն ընթացել է Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) հունիսի 30-ից հուլիսի 2-ը: Եռօրյա նիստերն ու մասնագիտական շփումները եզրափակվել են «Արդյոք անհավասարությունն արգելակու՞մ է աճը» թեմայով պանելային քննարկմամբ: 

Մեդիամաքսը ներկայացնում է գիտաժողովի նպատակն ու քննարկման առանցքային դրվագները: 

Հայաստանը՝ միջազգային հետազոտության մաս

Համաժողովի ընթացքում քննարկվել են տնտեսագետներին հետաքրքրող մի շարք թեմաներ՝ միկրոէկոնոմիկայից մինչեւ մակրոէկոնոմիկա, տեսականից մինչեւ կիրառական: Տնտեսագետների հայկական ասոցիացիայի նախագահ եւ ՀԱՀ-ի Տնտեսագիտության մագիստրատուրայի կրթական ծրագրի ղեկավար Գուրգեն Ասլանյանի խոսքով՝ ամենամյա գիտաժողովը նպատակ ունի Հայաստան բերելու աշխարհի մակարդակում քննարկվող նոր թեմաները՝ միեւնույն ժամանակ դրանցում ներգրավելով հնարավորինս շատ հայ հետազոտողների: 

«Այս գիտաժողովի շնորհիվ միջազգային հետազոտողները ծանոթանում են հայկական տնտեսական դաշտի հետաքրքիր նախադեպերին, ուսումնասիրում դրանք, հետագայում գրում աշխատություններ, որոնց արդյունքները կարող են օգտակար լինել Հայաստանում քաղաքականության մշակման գործընթացներում»,-նշել է նա՝ հավելելով, որ հանդիպումների ընթացքում ձեւավորվում են գործնական կապեր հայ եւ միջազգային հետազոտողների միջեւ, տեղի է ունենում փորձի փոխանակում:

Այս տարի համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել առաջատար գիտնականներ Փրինսթոնի, Քորնելի, Չիկագոյի, ՄաքԳիլի եւ մի շարք այլ աշխարհահռչակ համալսարաններից: Գուրգեն Ասլանյանի խոսքով՝ գիտաժողովին խրախուսում են նաեւ ուսանողների մասնակցությունը՝ թե´ Հայաստանից, թե´ արտերկրից: 

«Գիտաժողովի համար Հայաստան են գալիս նաեւ աշխարհի տարբեր համալսարանների ուսանողներ, ինչը նշանակում է, որ տնտեսագետների նոր սերունդն արդեն իսկ ընկերանում է Հայաստանի հետ եւ ծանոթանում Հայաստանի տնտեսությանը»,- նշել է նա: 

Մանրամասներն` այստեղ

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print