Վատիկանը ներկայացրել է Ռաֆայելի վերջին վերականգնված սենյակը

Վատիկանի թանգարանները հանրությանը ներկայացրել են Ռաֆայելի որմնանկարներով հայտնի չորս սենյակներից վերջինը՝ Կոստանդինի սենյակը, որի վերականգնումը նոր լույս է սփռում Վերածննդի գեղարվեստի բարձրագույն նվաճումների վրա։ Ըստ մասնագետների՝ այս սենյակի գեղարվեստական արժեքը որոշ առումներով մրցում է անգամ Սիքստինյան կապելլայի հետ, հայտնում է AP-ը։

10 տարի տևած վերականգնման աշխատանքները բացահայտել են Ռաֆայելի կողմից կիրառված նորարարական որմնանկարչական տեխնիկան։ Չնայած նկարիչը չի հասցրել ավարտել այս նախագիծը, սակայն վերականգնողները հայտնաբերել են, որ Ռաֆայելը պատերին կիրառել է ոչ թե ավանդական ջրաներկ, այլ յուղաներկ։ Բացի այդ, պատերի վրա տեղադրված է եղել գամերով փակցված ցանց՝ պատրաստված խեժապատ մակերեսով, որի վրա իրականացվել է նկարչությունը։

Թանգարանի աշխատողներն այս հայտնագործությունների մասին տեղեկացել են վերականգնման աշխատանքների ավարտից հետո՝ փայտամածների ապամոնտաժման ընթացքում։

Կոստանդինի սենյակը, որն ունի ընդունարանային նշանակություն, նկարազարդվել է Ռաֆայելի և նրա աշակերտների կողմից՝ 16-րդ դարի առաջին քառորդում։ Այն նվիրված է Հռոմեական կայսր Կոստանդին Մեծին, ով առաջիններից էր, որ քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print