Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովի օրերին մասնակցեց նաև առողջապահական ծրագրերի շնորհանդեսին, որոնք արդեն իրականացվում են կամ շուտով կմեկնարկեն Սյունիքի ու Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև համագործակցության շրջանակում, հայտնում են մարզպետարանից։
Մասնավորապես, մարզ է ժամանել շարժական ատամնաբուժական կլինիկան՝ «Ատամնաբուս» անվանմամբ, որը սեպտեմբերից կշրջի Սյունիքի բնակավայրերում՝ այս ծառայությունից զուրկ գյուղերում, նաև դպրոցներում՝ բերանի խոռոչի անվճար խնամք և բուժում ապահովելով երեխաների համար։
Ծրագիրը, որը նախաձեռնել է OHFAR կազմակերպությունը, հնարավոր է դարձել ՕՌԱ ռեգիոնի և Ֆրանսիայի հայկական բժշկական միության (UMAF) աջակցությամբ։
Այս տրանսպորտային միջոցն իրական շարժական ատամնաբուժարան է՝ հագեցած ատամնաբուժական բազկաթոռով, ախտահանիչ համակարգերով, ախտորոշման սարքավորումներով և կանխարգելման գոտով։ Այն թույլ կտա տեղում բուժել երեխաներին այն վայրերում, որտեղ բուժօգնություն ստանալը դժվար է։ Սակայն ծրագիրը միայն բուժմամբ չի սահմանափակվի․ մասնագետները կիրականացնեն կանխարգելիչ արշավներ, բերանի խոռոչի հիգիենայի ուսուցում և բնակչության հետ երկարաժամկետ իրազեկման աշխատանք։
Միջոցառմանը ներկայացվեցին նաև Sante Armenie և Actions Sante Femmes կազմակերպությունների կողմից Սյունիքում արդեն իրագործվող առողջապահական ծրագրերը։

